Araratnews.am-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ադրբեջանում գերի ընկած Վայոց ձորի Եղեգիս համայնքի բնակիչ, Արցախի ժամկետային զինծառակող Արայիկ Ղազարյանի հետ կապված դեպքը:
Թեեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ նրանց հարող շրջանակները փորձեցին Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելը ներկայացնել մոլորվելու հետեւանք, սակայն այլ լուրեր են շրջանառվում:
Araratnews.am-ին Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանն ասաց՝ լուրեր կան, որ զինծառայողը սպաների հետ խնդիր է ունեցել: «Ես դեռ չեմ զրուցել Արայիկի հոր եւ եղբոր հետ: Նրանք դեռ Արցախում են: Արայիկն իր խնդիրների մասին պատմել է ծնողներին: Մայրն էլ ասել է՝ եղբայրդ հեսա պոստից պրծնի, իջնի, կգանք Արցախ եւ կլուծենք խնդիրը»,- ասաց համայնքի ղեկավարը:
Ի դեպ, Արայիկի եղբայրը, որը պայմանագրային զինծառայող է, հոր հետ մինչ օրս Արցախում են: Ըստ տեղեկությունների՝ եղբոր հեռախոսում պահպանվել են իր եւ Արայիկի ձայնագրությունները, որոնք վկայում են՝ Արայիկի եւ սպաների միջեւ խնդիր է եղել:
Սոնա Դավթյան