տուն Լուրեր Գեներալի և գնդապետների ձերբակալությունը քառօրյա պատերազմի արդյունքն է. իրավապաշտպան

Գեներալի և գնդապետների ձերբակալությունը քառօրյա պատերազմի արդյունքն է. իրավապաշտպան

90
0

5614

«Բարեփոխումներ սկսելու համար երկրում պետք է շատ բան փոխվի: Այս կամ այն չինովնիկի ձերբակալմամբ կամ հայտարարություններով չէ, որ բարեփոխումները տեղի են ունենում»,- araratnews.am-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով գեներալի և գնդապետների երեկվա ձերբակալություններին:

«Կարծում եմ՝ սա քառօրյա պատերազմի արդյունքն էր, իրենք տեսան թե իրենց շրջապատում ինչ է կատարվում և մի թեթև ժողովրդին հանգստացնելու համար ինչ-որ փոքրիկ քայլեր են անում, որը բարեփոխում անվանել հնարավոր չէ»:

Հարցին՝ արդյոք ՊՆ-ում մինչև քառօրյա պատերազմն այդ չարաշահումները չէին նկատվում՝ իրավապաշտպանը պատասխանեց.«Մինչ այդ նրանք ոչ միայն տեսնում էին, այլ նաև դա կազմակերպում էին. դրան մասնակից էին: Ինչի մասին հիմա իրենք խոսում են, ինչի համար մարդկանց ձերբակալում են, դա գաղտնիք չէր: Եվ այդ վիճակը միայն Պաշտպանության նախարարությունում չէ. բոլոր բնագավառներում նույնն է»:

Վարդան Հարությունյանը նաև հավելեց, որ այն ինչ եղավ՝ անսպասելի չէր.«Հայաստանի նման երկրում ամեն ինչի է պետք սպասել և ոչնչից չպետք է զարմանալ: Չեմ կարծում, որ այս ամենը շատ հեռուն կգնա, բայց նաև չի բացառվում, որ երկրի քաղաքական իշխանությունն իրեն, իր դեմքը փրկելու համար պատրաստ է ցանկացած զոհողության»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործերի շրջանակներում մայիսի 30-ին ձերբակալվել է 3 անձ` գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը։