Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Ծովինար, Կարմիրգյուղ եւ Արտանիշ գյուղերում 2019 թվականի հուլիսի 5-7-ի ընթացքում գրանցվել են խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքեր, որոնց շուրջ բնակչության կողմից սոցիալական ցանցերում տրվում են տարատեսակ մեկնաբանություններ:
Իրականության պարզաբանման համար «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի եւ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Արշակ Էլիզբարյանի հետ:
Համբարձում Համբարձումյանի հավաստմամբ՝ 10 խոշոր եղջերավոր անասունի անկում գրանցվել է Կարմիրգյուղում, 9-ը՝ Ծովինարում, 6-ը՝ Կարճաղբյուրում, 8-ը՝ Արտանիշում: «Կարելի է տարբեր հետեւություններ անել՝ մտածելով, որ անասունների անկումները կապ ունեն Սեւանա լճի ջրի թունավոր լինելու հետ, կամ ընդհանրապես բացառել այդ վարկածը:
Սակայն հարցի վերջնական պատասխանը կստանանք լաբորատոր ուսումնասիրության արդյունքների հրապարակումից հետո: Բոլոր կենդանիները ենթարկվել են մորթի՝ փքված վիճակում: Մենք կհրապարակենք արդյունքները՝ պատասխանը ստանալուն պես»,- նշեց մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը:
Ճիշտ է, անկումների աշխարհագրությունն ընդգրկուն է, իրարից բավականին հեռավորության վրա գտնվող բնակավայրերում, սակայն ախտանշանները գրեթե նույնն են: Բոլորի մոտ նկատվել է փքվածություն, որից հետո հարկադիր մորթ է կատարվել: Ոչ մի խոշոր եղջերավոր չի սատկել: Շատ հնարավոր է, որ դա լինի առվույտից, որի վրա այս օրերին շաղ կամ անձրեւ է նստում:
Հնարավոր է, որ լինի բոլորովին այլ պատճառով: Ճիշտն այն է, որ եզրակացություն անելիս չպետք է շտապենք՝ մինչեւ չունենանք լաբորատոր քննության արդյունքները: Ունենալուն պես կտեղեկացնենք հանրությանը»,-հավաստեց Արշակ Էլիզբարյանը: