Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը բաց նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիեին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Բաց նամակում ասված է.
-Մեծարգո պարոնայք Ողջունելի է, որ ս.թ. մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի, ինչպես նաև ձեր հանդիպման ժամանակ ի թիվս այլոց պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման շուրջ:Վստահ եմ, որ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը զգալիորեն կկրճատի հետագա բռնությունների ռիսկը:
Ողջունելով նման սպասված որոշումը՝ միաժամանակ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ կարևոր հանգամանքի վրա։ Լրագրությունում և խաղաղարարությունում իմ տարիների փորձը ցույց է տալիս, որ հաճախ կրակոցներից շատ ավելի վտանգավոր է ատելության խոսքը։Ավելին՝ տեղեկատվական դաժան պատերազմի պայմաններում հակամարտության խաղաղ կարգավորման մասին կարելի է խոսել մեծ վերապահումով։ Ուստի, կարծում եմ, ժամանակն է ղարաբաղյան կարգավորումն անմիջականորեն առնչել տեղեկատվական դաշտի հրադադարին։
Ըստ այդմ էլ կոչ եմ անում ձեզ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման շրջանակներում նախատեսել նաև հակամարտության կողմերի պատասխանատու լրատվամիջոցների մշտադիտարկում և ատելախոսության հետաքննության մեխանիզմների ներդրում։ Այս հարցում ձեզ կարող են աջակցել Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի համապատասխան փորձ ունեցող լրագրողական կազմակերպությունները։
Կարծում եմ, այսպիսի քայլը ոչ միայն կնպաստի հակամարտող երկրների հանրությունների միջև վստահության կամուրջների կառուցմանը, այլև հնարավորություն կտա երևան հանելու ատելախոսության և ազգամիջյան թշնամանքի հիմնական պատասխանատուներին և համապատասխան քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։
Հարգանքով՝ Գեղամ Բաղդասարյան
Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր