տուն Լուրեր Դատարանը պարտավորեցնում է երկու մահացած մարդկանց հանձնել իրենց բնակարանները Local Developers ընկերությանը

Դատարանը պարտավորեցնում է երկու մահացած մարդկանց հանձնել իրենց բնակարանները Local Developers ընկերությանը

183
0

շենքեր

 

Արդեն մոտ 9 տարի է՝ գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող Local Developers ընկերությունը և Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչները չեն կարողանում կիսել շենքի սեփականության իրավունքը: Այս պահին գործը դատարանում է. խնդիրը հանգուցալուծվում է ի օգուտ Local Developers -ի: Նշենք, որ շենքերը կառավարության կողմից ճանաչվել են հանրային գերակա շահ, ինչը նշանակում է, որ բնակիչները պետք է լքեն տարածքը:

Տերյան 23 շենքի բնակիչ, «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ  Վարդան Գերավետյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ընկերությունը համառորեն հրաժարվում է հարցը հանրային քննարկման թեմա դարձնելուց: «Ընկերությունը երեք շենքի բնակիչներին հարկադիր ձևով բնակարաններից հանելու համար դիմել է դատարան: Արդեն կա դատական 3 որոշում, որոնք պարտավորեցնում են երկամսյա ժամկետում բնակարանները հանձնել ընկերությանը: Ընկերությունը նաև միջնորդություն է ներկայացրել սեփականության վրա արգելանք դնելու համար: Արդյունքում, մենք իրավունք չունենք բացի ընկերությունից որևէ այլ անձի վաճառել  բնակարանը»,-նշեց նա:

Գերավետյանը շեշտեց, որ արդեն 8 ու կես տարի է շենքը գտնվում է բացառիկ գերակա շահի տիրույթում, մինչդեռ այս տարիների ընթացքում այստեղ ոչ մի փոփոխություն չի կատարվել, ինչն էլ կասածի տակ է դնում շենքի բացառիկ գերակա շահի կարգավիճակ ունենալը:

Բնակչի խոսքով՝ դատարանի որոշումները ոչ միայն անարդար են, այլ հաճախ զավեշտալի. «Մինչև հիմա մենք չենք տեսել նախագիծ, թե ինչ պետք է լինի այս շենքերի փոխարեն: Դատարանը մի որոշում է կայացրել, համաձայն որի՝ երկու մահացած մարդիկ ևս երկամսյա ժամկետում պետք է հանձնեն իրենց բնակարաները Մայրապետյանին: Ես կարծում եմ, որ այդ մարդիկ  կարող են միայն իրենց գերեզմանից մի երկու քառակուսի մետր հատկացնել Մայրապետյանին, ոչ թե բնակարաններից»:

Բնակիչները շեշտեցին նաև, որ այս մի քանի տարվա ընթացքում ոչ մի անգամ առերես չեն հանդիպել Մայրապետյանին: Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, ապա բնակիչներին առաջարկվել է շենք, որն, իրենց խոսքով, հանրակացարան է հիշեցնում: Բնակիչները շեշտում են, որ շենքի առաստաղը շատ ցածր է, պայմանները ևս լավը չեն, ուստի իրենք չեն պատրաստվում թողնել բնակարանները և տեղափոխվել նոր շենք, որը համարժեք չէ իրենց ներկայիս բնակարաններին: