Սևանա լճում գազի և նավթի պաշարների ուսումնասիրության հարցը, բնապահպանության ռիսկերի մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեցին ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի վարչության պետ Վարդան Վարդանյանը, ՀՀ Բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանը, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի՝ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:
«Դրական փորձագիտական եզրակացություն է տվել Բնապահպանության նախարարությունը «Բլեք Սթարս Էներջի» ընկերությանը: Պաշտոնապես կարող եմ հայտարարել, որ գազի և նավթի պաշարների որոնման հետ կապված որևէ թույլտվություն չի տրվել: Բնապահպանության նախարարությունը իր եզրակացությունը «Բլեք Սթարս Էներջի» կազմակերպությանը դրա հիման վրա է տվել»,- հայտնեց Վիգեն Ավետիսյանը:
Բնապահպանների այն դիտարկմանը, որ ընկերությունը մեծ գումարներ է ներդրել գազի և նավթի պաշարներն ուսումնասիրելու համար, իսկ հիմա տարածք պետք է հորատի հասույթ ունենալու նպատակով՝ Վարդան Վարդանյանը պատասխանեց, «Բնապահպանության և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները դեմ են այս տարածքները հորատելուն և որևէ թույլտվություն չեն տվել: Սա պաշտոնապես եմ հայտարարում»:
Էվելինա Ղուկասյանը հայտնեց, որ հորատման աշխատանքները պետք է խաթարվեին հենց սկզբից, որ ներկա պահին այսպիսի խնդրի առաջ չկանգնեինք: Վիգեն Ավետիսյանը այս հայտարարությանը ի պատասխան նշեց, որ կազմակերպությունը մեծ տարածքներ ուներ, որոնցից արդեն հրաժարվել է, քանի որ այդ կերպ կարող էր վնաս հասցնել Սևանա լճին: