Վերջին շրջանում ավելացել են գազալցակայաններում պայթյունները: Այսօր լրագրողների հետ զրույցում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության գազասարքավորումների և վառելիքի օբյեկտների տեխանվտանգության փորձաքննության բաժնի պետ Ռուբեն Բադեյանը, Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի՝ շուկայի վերահսկողության պետական տեսչության փաստաթղթաշրջանառության և իրավական համակարգման բաժնի պետ Արծրուն Նաջարյանը, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Սիրանույշ Զաքարյանը խոսեցին գազալցակայաններում անվտանգության պահպանման խնդիրների մասին:
Ռուբեն Բադեյանը հայտնեց, որ գազալցակայաններում պայթյունները ունեն տեխնիկական բնույթ, այսինքն գազաբալոնների ոչ ճիշտ շահագործման հետևանքով են լինում: Մեր հասարակությունը չունի այն գիտակցումը, որ պարբերաբար պետք է մեքենայի գազի բալոնները տանել փորձարկումների, շեշտեց Ռուբեն Բադեյանը: Մարդիկ հակված են գումար չծախսել, բայց այդ կերպ վտանգում են ոչ միայն իրենց կյանքը, այլև իրենց ընտանիքների առողջությունը դնում ռիսկի տակ: Վերջերս ՀԱԹ-ում տեղի ունեցած գազալցակայանի պայթյունը ամբողջությամբ վարորդի մեղքով էր, քանի որ բալոնը դեֆեկտ ուներ,- ավելացրեց Բադեյանը:
Արծրուն Նաջարյանը համաձայն չէր, որ հիմնական դեպքերում մեղավոր են վարորդներն ու վնասված գազաբալոնները: Ըստ նրա, անվտանգության միջոցառումներ պետք է պահպանեն նաև այն սուբյեկտները, որոնք գազ են մատակարարում: Դրանց համար դրվել են հատուկ բաշխիչ աշտարակներ, որոնք ապահովում են և սպառողների, և տնտեսվարողների:
Թիվ մեկ խնդիրը, որոնցից առաջանում են գազալցակայաններում պայթյուններ, դրանք գազաբալոնների ժամկետնանցությունն ու անորակությունն է, շեշտեց Սիրանույշ Զաքարյանը: ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատուի խոսքերով՝ մարդիկ անգամ չգիտեն, որ պետք է գազաբալոնները մեքենայի մեջ դնելուց առաջ և ժամանակ առ ժամանակ փորձարկեն: Սրա հետևանքներն էլ լինում են պայթյունները: Կան մարդիկ էլ, որոնք փորձարկման տեղը ուղղակի 4-5 հազար դրամով թուղթը գրում տալիս են, իբրև թե փորձարկված են բալոնները առանց որևէ փորձաքննություն կատարելու:
Ըստ Սիրանույշ Զաքարյանի՝ միայն վարորդներին մեղադրելը գազալցակայաններում պայթյունների մեջ սխալ է, քանի որ այնտեղի աշխատակիցները ևս իրենց մեղավորության բաժինն ունեն: Բաշխիչ աշտարակների տեղադրումը քանակական առումով կրճատեցին պայթյունները, սակայն, չվերացրեցին ամբողջությամբ: Սիրանույշ Զաքարյանը հայտնեց, որ կվերանան պայթյունները միայն այն դեպքում, երբ ամեն մեկը՝ սպառողն ու տնտեսվարողը, խստագույնս հետևեն անվտանգության կանոններին: