Ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում մինչև 2020 թվականը աստիճանաբար կենդանի պոլիոմիելիտի պատվաստանյութի փոփոխություն կլինի ոչ կենդանի պատվաստանյութով:
Այս մասին նշեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավա ր Գայանե Սահակյանը:
«Ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում, միջոցառումներ են իրականացվում պոլիոմիելիտի դեմ: Դրանք մի շարք ուղղություններով են կատարվելու: Առաջին հերթին` պատվաստանյութի փոփոխություն այս տարվա ապրիլից: Ամբողջ աշխարհում մինչև 2020 թվականը աստիճանաբար կենդանի պոլիոմիելիտի պատվաստանյութի փոփոխություն կլինի ոչ կենդանի պատվաստանյութով: Նույնը մեզ մոտ է լինելու: Միջոցառումների շրջանակում ապրիլին պատվաստանյութի փոփոխություն է տեղի ունենալով` եռավալենտից փոխելու ենք երկվալենտի: Նշանակում է, որ այն երեխաները, որոնք ստացել են եռավալենտ և պե տք է հաջորդիվ նաև ստանան, հնարավորություն չեն ունենալու ստանալ: Այս լրացուցիչ պատվաստումն ուղղված է երկրորդ տիպի նկատմամբ իմունիտետը ամրապնդելուն»,-շեշտեց Գայանե Սահակյանն` անդրադառնալով լրացուցիչ պատվաստումների հարցին:
Նրա խոսքով` դուրս են բերվել այն համայնքները, որտեղ երեխաները կարող են թիրախային խմբերում լինել, և եթե լինի պոլիովիրուսի շրջանառություն, նրանք կդառնան խոցելի:
«Որպեսզի այդ երեխաների շրջանում իմունիտետն ամրապնդվի, նախատեսվում է այս լրացուցիչ մեկ չափաբաժինը: Պետք չի անհանգստանալ,նոր պատվաստանյութ չէ, նույն պատվաստանյութն է, որը կիրառվում է պլանային օրացույցով: Եվ երեխաները նախկինում էլ ստացել են այն: Բելգիական արտադրության բարձրորակ պատվաստանյութ է, տարիներ շարունակ կիրառվել է»,-հավելեց ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը: