Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի «Ավե Մարիա» ստեղծագործությունն առաջին անգամ կհնչի Հռոմի պապ Նորին սրբություն Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի առթիվ կազմակերպված համերգի ընթացքում:
Հանրապետության հրապարակում հունիսի 25-ին նախատեսված երեկոյի ընթացքում` 2013-ին գրված և երբևէ չկատարված գործը կներկայացնի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Երգեհոնով նրանց կնվագակցի Գարի Քյոսայանը: «Որպես հայ քրիստոնյա` միշտ երազել եմ գրել «Ավե Մարիա»` ձոն առ մայրության, ձոն առ Մարիամ Աստվածածնի: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ բախտ վիճակվեց նման գործ գրել»,- ասել է նա:
Ստեղծագործությունն առանձին ձայնասկավառակի տեսքով հասանելի կլինի հունիսի 24-ից: Ձայներիզում «Ավե Մարիա»-ն հնչում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և երգչուհի Իրինա Զաքյանի կատարմամբ: