Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին և հոգևորականներին` առաջնորդությամբ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Հանդիպմանն ուխտավորների անունից շնորհակալության խոսք է ասել Արամ Սրբազանը` նշելով, որ դարերի ընթացքում պոլսահայ համայնքի համար Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, հակառակ բոլոր տեսակի հանգամանքների, մշտապես եղել է հույսի, հավատքի և գոյատևման աղբյուր, և Կ.Պոլսի Պատրիարքության ներկայացուցիչները հաճախ են ուխտավորաբար այցելել համայն հայության հոգևոր կենտրոն: Սրբազանն իր խոսքում նաև նշել է, որ պոլսահայ համայնքի անդամներն այս անգամ ևս չէին կարող անմասն մնալ և չմասնակցել Մյուռոնօրհնության օրհնաբեր արարողությանը:
Այնուհետև ուխտավորներին ողջունել է և հայրապետական օրհնությունն է բերել Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը` ուրախություն հայտնելով տոնական այս օրերին պոլսահայերի` Մայր Աթոռ այցի և աղոթակցության համար:
«Մենք հպարտ ենք պոլսահայ մեր զավակներով», — իր խոսքում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը` նշելով, որ մշտապես տեսել է պոլսահայ համայնքի զորավոր հավատքը և անվերապահ սերը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Հայոց Հայրապետի նկատմամբ:
Նորին Սրբությունը վերհիշել է նաև իր Հովվապետական այցը Կոստանդնուպոլիս: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետը փառք տվեց Աստծուն, որ հակառակ բոլոր տեսակի դժվարությունների և փորձությունների, տառապանքների և կորուստների, պոլսահայերը քաջարի կերպով ամուր են պահել իրենց հավատքը, ազգային ինքնության գիտակցությունը, ինչի վառ վկայությունն են Պատրիարքության հոգևոր իշխանության ներքո գործող 42 եկեղեցիները, ինչպես նաև համայնքի կրթական, բարեսիրական հաստատությունները:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց պատրիարքական ընդհանուր փոխանորդին և հոգևոր դասին նվիրյալ և նախանձախնդիր ծառայության, ինչպես նաև Ս. Էջմիածին ուխտագնացությունը կազմակերպելու համար:
Նորին Սրբությունը նաև իր աղոթքն ու մաղթանքները փոխանցեց պոլսահայ համայնքին` հայցով, որ Աստծո օրհնության ներքո ապրեն խաղաղ և ապահով, պահպանեն հայրենի ժառանգությունը և ավելի շենացնեն պոլսահայ կյանքը: