Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Երևանի Հյուսիսային համալսարանի ուսանողներն ու դասախոսները: Բաց դասը վարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը խոսել է օրենսդիր մարմնի աշխատանքներից՝ տեղեկացնելով, որ 2017 թվականին տեղի ունենալիք Ազգային ժողովի ընտրություններից հետո Հայաստանն անցնելու է խորհրդարանական կառավարման մոդելին: Այս համատեքստում ԱԺ նախագահն անդրադարձել է նաև ՀՀ Նախագահի ընտրության փոփոխված կարգին, ըստ որի՝ ՀՀ Ազգային ժողովն է ընտրելու ՀՀ հաջորդ նախագահին:
Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ նախագահին, որոնց նա սիրով պատասխանել է:
Հարցերը հիմնականում վերաբերել են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքին, ուսանողների կողմից օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման հնարավորության ընձեռնմանը, բանկերի կողմից վարկերի տրամադրման խիստ պայմաններին և այլն:
Հանդիպումից առաջ հյուրերը շրջել են Ազգային ժողովի շենքում, հետևել պատգամավորների աշխատանքին:
Այցի ավարտին ուսանողները և դասախոսները լուսանկարվել են ՀՀ ԱԺ նախագահի հետ: