տուն Լուրեր Գագիկ Ծառուկյանի քաղաքական կարիերան ժամանակավորապես սառեցվել է. Սերգեյ Մինասյան

Գագիկ Ծառուկյանի քաղաքական կարիերան ժամանակավորապես սառեցվել է. Սերգեյ Մինասյան

147
0

A

Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունից հետո, որ արտահերթ ընտրություններ պետք է իրականացվի, այսպիսի խառնաշփոթի հիմք դրվեց Բարգավաճ Հայաստան կուսակցությունում, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Հիմա մենք ունենք մի այնպիսի իրավիճակ, որ մինչև մյուս խորհրդարանական ընտրությունները կդժվարանանք խոսել լուրջ և կայուն ընդդիմության մասին: Ընդդիմությունը բավականին թուլացած է հիմա: Բոլորին էլ հայտնի էր, որ թե կազմակերպական, թե ֆինանսական ռեսուրսն ուներ Բարգավաճ Հայաստանը, ի տարբերություն  մյուս կուսակցությունների»:

Բարգավաճ Հայաստանի ներսում սպասվելիք զարգացումների կանխատեսումներ արեց Սերգեյ Մինասյանը: «Կարելի է գուշակել, թե ինչ զարգացումներներ տեղի կունենան ԲՀԿ-ի ներսում: Մոտակա շաբաթների կամ օրերի ընթացքում դա ավելի տեսանելի կլինի: Սակայն, Հայաստանի համար դա արդեն սկզբունքային հարց չի, թե ինչ տեղի կունենա ԲՀԿ-ի հետ: Դա դրական չի անդրադառնա Հայաստանի ներքաղաքական զարգացման վրա»:

Այն հարցին, թե արդյո՞ք ստեղծված իրավիճակը նշանակում է վերջ Գագիկ Ծառուկյանի քաղաքական կարիերային Սերգեյ Մինասյանը պատասխանեց, որ հնարավոր է: «Եթե դու ունես խոշոր բիզնես այս երկրում, և իշխանությունները քո բիզնեսի վրա բավականին լուրջ լծակներ ունեն ազդելու, ապա իշխանափոխության հայտարարությունները պետք է այսպիսի ավարտ ունենան: Գաղտնիք չի, որ այդ ազդեցությունն իշխանությունները ունեն նաև ԲՀԿ-ի մյուս անդամների վրա, և նրանց դուրս գալը ԲՀԿ-ի շարքերից դա է վկայում: Գագիկ Ծառուկյանի քաղաքական կարիերան ոչ թե ավարտված է, այլ  ժամանակավորապես սառեցված: Իրագործվեց Սերժ Սարգսյանի այն առաջարկը, թե Գագիկ Ծառուկյանը պետք է դուրս գա քաղաքականությունից և զբաղվեր միայն իր բիզնեսով»: