«Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների շրջանակը շատ նեղ է. իշխող կուսակցությունն է` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր կողմից ստեղծված հանձնաժողովն է` Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, որի միակ գործը եղել է կաշառել Վենետիկի հանձնաժողովին, ինքն այնտեղ զբաղվել է լոբբիզմով, մենք փաստեր էլ ունենք»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Անդրադառնալով հանրաքվեի անցկացման օրվան ասաց. «Ես վաղուց էի կանխատեսել սահմանադրական հանրաքվեի օրը, սակայն իշխանամետները հորդորում եւ ասում էին` մի հավատացեք այս հռետորին: Դուք լավ գիտեք մեր տեսակետն այդ փոփոխությունների մասին, և մենք պնդում ենք, որ սա պետականությունը խարխլող արկածախնդրություն է, որի միակ և անկրկնելի նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Լևոն Զուրաբյանը պնդեց` սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելով Սերժ Սարգսյանը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին:
Ընդդիմադիր պատգամավորն անդրադառնալով «Ոչ»-ի քարոզչության ձևաչափին` նշեց, որ խնդիրներ կան «Հանրաքվեի մասին» օրենքում. այն երկու ճամբարներին հավասար հնարավորություններ չի տալիս: Հանրային հեռուստաընկերության եթերով քարոզչությունն էլ կկարողանա իրականացնել միայն իրենց խմբակցությունը.«Ժառանգություն» խմբակցությունում տարաձայնություններ կան, «Ոչ»-ի քարոզարշավի հենքն էլ ՀԱԿ-ն է: