տուն Լուրեր Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրում խոշոր հաշիվներ են արձանագրվել

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրում խոշոր հաշիվներ են արձանագրվել

118
0

champions-league3

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2016-17թթ. խաղարկության խմբային փուլի մեկնարկային տուրում արձանագրվեցին մի քանի խոշոր հաշիվներ, որոնք շատ ավելի էական են ոչ մարզական տեսանկյունից` հաղորդում է armtimes.com-ը:

Լեհաստանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում թիմ չէր ունեցել ուղիղ 20 տարի, եւ վերջապես Վարշավայի «Լեգիան» ընթացիկ մրցաշրջանում կարողացավ հայտնվել եվրոպական ուժեղագույն 32 թիմերի շարքում: Բնականաբար, այս իրադարձությունը ինչ-որ չափով որպես պատմական էր բնորոշվում ամբողջ Լեհաստանում՝ 20 — ամյա ընդմիջումից հետո Լեհաստանի չեմպիոնը կրկին հանդես է գալիս Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: 1-ին տուրում «Լեգիան» հյուրընկալեց Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիային», եւ այս խաղը ուղղակի տոն էր լեհ ֆուտբոլասերների համար:

Վարշավայի «Լեհական բանակ» 30-հազարանոց ստադիոնը լեփ-լեցուն էր, իսկ «Լեգիայի» ֆան-ակումբը այնպիսի ցուցադրություն էր նախապատրաստել, որ կարող էին նախանձել անգամ այս «բնագավառում» Եվրոպայում լավագույններից մեկը համարվող «Բորուսիայի» ֆաները: Երբ «Լեգիայի» եւ «Բորուսիայի» ֆուտբոլիստները մտան խաղադաշտ, ստադիոնի ամբողջ հարավային տրիբունան ծածկվեց «Տեսեք ով է վերադարձել» գրությամբ հրաշալի բաներով, որն ուղեկցվեց նաեւ գեղեցիկ հրավառությամբ: Հասկանալի է, որ այս ցուցադրությամբ լեհ ֆուտբոլասերները ամբողջ Եվրոպային զգուշացնում էին, որ իրենք 20-ամյա ընդմիջումից հետո կրկին վերադառնում են ուժեղագույնների մրցաշար: Լեհ ֆուտբոլասերների տոնական այս տրամադրությունը, սակայն, երկար չտեւեց. «Բորուսիան» ուղղակի ջախջախեց «Լեգիային» 6-0 հաշվով: Խաղավերջում լեհական թիմի ֆաները հարձակվել են գերմանական ակումբի աջակիցների վրա, եւ միայն ոստիկանության հատուկ ջոկատներն են կարողացել կարգ ու կանոն հաստատել ստադիոնում:

Ամեն դեպքում խաղից հետո տոնական տրամադրությունը իսպառ վերացել է. պարտությունից կատաղած լեհ ֆաները ջարդուփշուր են արել ստադիոնի մի քանի սեկտորներ, օգտագործել են արգելված պայթուցիկներ, ճայթուկներ, եւ առաջիկայում ՈՒԵՖԱ-ն քննարկելու է այս միջադեպը: Չնայած այն հանգամանքին, որ «Լեգիայի» ղեկավարների որոշմամբ անկարգություններին մասնակցած մոտ 100 ֆաների արդեն արգելվել է հետագայում մուտք գործել ստադիոն, լեհական մամուլը հավատացած է, որ ՈՒԵՖԱ-ն կորակազրկի «Լեգիայի» ստադիոնը առնվազն 1 խաղով, եւ տնային առաջիկա հանդիպումը Մադրիդի «Ռեալի» հետ Լեհաստանի չեմպիոնը ստիպված է լինելու անցկացնել առանց հանդիսականների: «Այդ մարդիկ ֆուտբոլասերներ չեն: Նրանք ոչ միայն «Լեգիային», այլեւ ամբողջ Լեհաստանին խայտառակողներն են: Մեր թիմին միլիոնների վնաս են հասցնում: Իսկ ո՞վ է փոխհատուցելու այն», — ցավով նշել է «Լեգիայի» նախագահ Սեւերին Դմովսկին:

Էլ ավելի խոշոր՝ 0-7 հաշվով է պարտվել Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկը» արտագնա խաղում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայից»: Չեմպիոնների լիգայի խաղարկություններում մինչ այս խաղը «Սելթիկի» ամենամեծ հաշվով պարտությունը արձանագրվել էր 3 տարի առաջ հենց նույն ստադիոնում եւ նույն մրցակցից՝ 2013 թվականին խմբային փուլի շրջանակներում «Սելթիկը» «Կամպ Նոու» ստադիոնում զիջել էր «Բարսելոնային» 1-6 հաշվով: Եվ ահա նոր հակառեկորդ՝ 0-7: «Չեմ կարծում թե սա խայտառակություն է: «Բարսելոնային» չեն կարողացել դիմակայել շատ ավելի հզոր թիմեր: Իհարկե, զուտ պրոֆեսիոնալ տեսանկյունից սա շատ տհաճ է: Հանդիպման հաշիվը հիասթափեցնող է, բայց ես չեմ կարող ավելին պահանջել իմ ֆուտբոլիստներից»,- խաղից հետո հայտարարել է «Սելթիկի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:

Ամբողջ նյութը՝ սկզբնաղբյուր կայքում: