Անցած շաբաթ, մարտի 25-ին Հայաստան- Բելառուս հանդիպման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել. «ՖԱՖ»-ի ֆան-սեկտորից երկրպագուն ճայտուկով խաղադաշտ էր ներխուժել, ինչը խաղի ընդհատման պատճառ է դարձել: Ոստիկանները երկրպագուին հեռացրել էին խաղադաշտից:
Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ մարզադաշտ ներխուժած երիտասարդը Հայկ Բաբայանն է եղել: Ներկայացնում ենք վերջինիս հետ մեր լրագրողի հարցազրույցը:
Հայկ, որն էր ձեր ակցիայի նպատակը, ինչու՞ որոշեցիք ներխուժել մարզադաշտ:
Իմ ակցիան ուղղված էր ՀՖՖ-ի դեմ, իսկ ավելի կոնկրետ` Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ: Ինչու համար եմ սա արել. սա ոչ թե միայն ես եմ արել, այլ այն ամբողջ հայ հասարակության, ֆուտբոլասերների պահանջն էր: Այսքան տարվա կուտակված համբերության բաժակը լցվել է: Հայրապետյանը չի կարողանում ճիշտ աշխատանքներ տանել, եւ զարգացնել ֆուտբոլը, դրա փոխարեն կործանման է տանում, եւ այդ նպատակն էր հետապնդում արարքս:
Ձեզ դրանից հետո բերման ենթարկե՞լ են ոստիկանության բաժանմունք:
Այո, հենց խաղադաշտում, երբ տեղի ունեցավ միջադեպը, ակցիան, հենց դաշտում էլ ոստիկաններն ինձ բռնեցին եւ տարան բաժին:
Ինչքա՞ն եք մնացել բաժնում:
Ճիշտն ասած, ուշադրություն չեմ դարձրել, բայց, եթե չեմ սխալվում, 1 ժամ 20 րոպե: Դրանից հետո ինձ զեկուցագիր են տվել, ստորագրել եմ եւ բաց են թողել:
Տեսանյութից պարզ երեւում է, որ երբ Ձեզ դուրս են բերում խաղադաշտից, մեկ այլ ոստիկան հարձակվում է ձեզ վրա եւ փորձում ոլորել ձեր վիզը: Բողոքարկելո՞ւ եք ոստիկանների գործողությունները:
Տվյալ պահին ձեռքերս ոլորել էին, ես հաջողացրեցի մեկ անթարթում խույս տալ, այդ ընթացքում ոստիկաններն ավելի ուժեղ ոլորեցին, եւ ծոծրակիցս դեպի ներքեւ քաշելով տարան, ինչքան հիշում եմ հարվածներ հասցրեցին նաեւ մեջքիս:
Այսինքն ձեր նկատմամբ ֆիզիկական ու՞ժ են կիրառել:
Հա, դաշտում ֆիզիկական ուժ կիրառվեց: Մի քանի հարված ոտքերիս է եղել, նաեւ՝ մեջքիս:
Հայկ, Դուք նշեցինք, որ ակցիան ուղղված էր Ռուբեն Հայրապետյանի դեմ: Ըստ Ձեզ, նա փաստորեն միանձնյա՞ է որոշումներ կայացնում:
Դա պարզ է, եւ բոլորն էլ տեսնում են: Ինքը մամուլի ասուլիսներում էլ է ասում: Ասում է, թե նաեւ մարզիչ է հրավիրում, որը կորոշի, բայց ինքն է որոշում ամեն ինչ:
Նշենք, որ Հայկ Բաբայանին տեղյակ են պահել, որ նրան վարչական պատասխանատվության չեն ենթարկի:
Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի