Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբյուսը հայտարարել է, որ իր երկիրը չի մասնակցելու Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» դեմ իրականացվող օդային գործողությանը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ֆաբյուսի խոսքերով՝ Ֆրանսիան մասնակցում է Իրաքի տարածքում տեղակայված «Իսլամական պետության» գրոհայինների դեմ օդային հարձակումներին միայն Իրաքի խնդրանքով:
«Ֆրանսիան մտադիր չէ նույն բանն անել Սիրիայում: Սակայն մենք շաունակելու ենք աջակցել նախագահ Ասադի դեմ պայքարող սիրիական ընդդիմությանը», — հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով հումանիտար ճգնաժամ է առաջացել Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:
Միջազգային իրավապաշտպանների հավաստմամբ՝ վտանգի տակ է հայտնվել տեղի շիա մահմեդականների, քրիստոնյաների ու եզդիների կյանքն ու անվտանգությունը: Ծայրահեղականներն ուղղակիորեն «սրբազան» պատերազմ են հայտարարել արևմտյան աշխարհին: Ի պատասխան դրան ԱՄՆ-ի օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: Միացյալ Նահանգների նախագահի հավաստմամբ՝ խմբավորման դեմ պայքարի համար միավորվել է շուրջ 40 երկիր: