Ֆրանսիան առաջարկում Է Փարիզում կազմակերպել «նորմանդական քառյակի» երկրների ղեկավարների հանդիպում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Է Ելիսեյան պալատում կայացած ավանդական մեծ մամուլի ասուլիսում:
«Առաջիկա օրերին ԱԳ նախարարները կոնսուլտացիաներ կանցկացնեն,-ասել Է Օլանդը:-Մենք առաջարկում ենք՝ նախքան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի սկսվելը Փարիզում անցկացնել «նորմանդական քառյակի» երկրների ղեկավարների հանդիպում»:
Օլանդի խոսքով՝ վերջին շաբաթներին առաջընթաց Է ձեռք բերվել Մինսկի համաձայնությունների կատարման գործընթացում: «Այդ ճանարարհին եղել են ձգձգումներ, եղել են զոհեր: Սակայն ընդհանուր առմամբ գործընթացն առաջ Է շարժվում»,-ասել Է Ֆրանսիայի առաջնորդը:
ՈՒկրաինայի իրադրության շուրջ բանակցությունների նորմանդական ձեւաչափը («նորմանդական քառյակը») գոյություն ունի 2014 թվականի հունիսից: Այն ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 70-ամյակի տոնակատարության ընթացքում Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը, Պյոտր Պորոշենկոն, Անգելա Մերկելը եւ Ֆրանսուա Օլանդը, առաջին անգամ քննարկեցին Ուկրաինայի հարավ-արեւելքի հակամարտության կարգավորման հարցը:
«Նորմանդական քառյակի» ղեկավարների՝ փետրվարի 11-12-ին Մինսկում անցկացված վերջին բանակցություններում համաձայնեցվել են Մինսկի պայմանավորվածությունների կատարման համալիր միջոցառումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: