Ֆրանսիայի Ռոն-Ալպի շրջանի ռեգիոնալ կենտրոնակայանում սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել «Ֆրանսիա-Հայաստան միջազգային ցանց» ասոցիացիայի պաշտոնական մեկնարկը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ասոցիացիայի բացմանը ներկա բազմաթիվ հրավիրյալների թվում են եղել Ռոն Ալպի ռեգիոնալ խորհրդի նախագահ Ժան-Ժակ Քեյրանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Ռենոն, բազմաթիվ ֆրանսահայ և ֆրանսիացի գործարարներ, պաշտոնատար անձինք, լրագրողներ:
Ասոցիացիայի նախագահ Արամազդ Աբեդին ներկաներին ծանոթացրել է նորաստեղծ կառույցի անդամների հետ՝ նշելով, որ կառույցում ներգրավված են լինելու տնտեսության ամենատարբեր ոլորտները ներկայացնող ձեռներեցները: Փոխնախագահ Հիլդա Չոբոյանն իր ելույթում նշել է, որ նպատակ են հետապնդելու խթանել հայ-ֆրանսիական ձեռնարկությունների միջև դինամիկ շփումները: Արժևորելով Ֆրանսիայում, ինչպես նաև ամբողջ աշխարհում հայկական սփյուռքի միջև փոխգործակցությունը` ասոցիացիան նպատակ է հետապնդելու Հայաստանը դարձնել հարթակ ՀՀ ձեռնարկությունների, ֆրանսիական ձեռնարկ ությունների և հարևան երկրների խոստումնալից շուկաների հետ համագործակցության համար:
Դեսպան Չիտեչյանը շնորհավորել է բոլորին և, մասնավորապես, նախաձեռնությունն իրականացնողներին և նշել, որ ասոցիացիան հնարավորություն կտա Հայաստանի և Ֆրանսիայի միջև խթանել գոյություն ունեցող տնտեսական համագործակցությունը՝ ելնելով նաև այսօրվա նոր իրականությունից. ՀՀ-ի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցումը հնարավորություն կտա ֆրանսիացի ընկերություններին ՀՀ-ի միջոցով մուտք ունենալ նաև ԵԱՏՄ շուկաներ: Հայաստանը պատրաստ է աջակցել ասոցիացիային՝ գործարարների համար ստեղծելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ համագործակցության բար ենպաստ պայմաններ: