տուն Արցախ Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը բացահայտել է Ադրբեջանի հերթական կեղծիքը

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը բացահայտել է Ադրբեջանի հերթական կեղծիքը

119
0

fransia

Ֆրանսիայի Վետերանների նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից ֆրանսիական հաստատությունների՝ գործիք դարձնելու փորձերը, որոնք ցույց են տալիս Բաքվի պնդումների կեղծ բնույթը:

Ադրբեջանական պետության հեղինակությունն ու հուսալիությունը կրկին հարցականի տակ են դրվում: Մարտի 15-ին Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը դիմել էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարության վետերանների և հիշատակի հարցերով պետքարտուղար Ժան-Մարկ Տոդեսկինիին՝ Ադրբեջանի դեսպանության կողմից տարածված տեղեկության հավաստիությունը ստուգելու նպատակով: Ըստ վերոհիշյալ տեղեկության՝ փետրվարի 26-ին, Փարիզում, Հաղթանակի կամարի տակ, Անհայտ զինվորի շիրիմի առջև իբրև թե տեղի էր ունեցել Խոջալուի զոհերի հիշատակին նվիրված արարողություն։ «Արդեն մի քանի տարի է Բաքվի քարոզչությունը ցինիկաբար օգտագործում է ադրբեջանցի քաղաքացիական զոհերին, միաժամանակ լռելով Ղարաբաղի քաղաքացիական կորուստների մասին՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրական ուժերին զրպարտելու նպատակով», — բացատրեցին Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը և փոխնախագահներ Ռընե Ռուքեն և Գի Տեսյեն:

Ապրիլի 8-ի իր պատասխանում պարոն Տոդեսկինին հերքել և պաշտոնապես դատապարտել է տեղի ունեցած միջոցառման մասին Ադրբեջանի դեսպանության կողմից կեղծ տեղեկության տարածումը: Պետքարտուղարը նշել է, որ արարողությանը «ներկա են եղել մի շարք միություններ» և որ, իրոք, Ադրբեջանի դեսպանը ծաղկեպսակ է դրել, որի վրա գրված է եղել «Ֆրանսիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանություն». «գործողություն, որ պարբերաբար իրականացնում են օտարերկրյա պետություն ներկայացնող բազմաթիվ այլ պաշտոնատար անձինք՝ կրակի կոմիտեի պատասխանատվության ներքո»: Պարոն Տոդեսկինին նշել է, սակայն, որ միջոցառման վերաբերյալ Ադրբեջանի դեսպանության կողմից իր իսկ ինտերնետային կայքի միջոցով տարածված տեղեկությունը «կեղծ է»: Պետքարտուղարը եզրափակել է իր նամակը` գրելով․«Ես ափսոսում և դատապարտում եմ փետրվարի 26-ի Կրակի վառման արարողության՝ այս ինտերնետային կայքի միջոցով արված շահարկումը: Պատմությունը և հիշողությունը արժանի են թափանցիկության, ճշմարտության և պատասխանատվության մշտական զգացումի: Մենք դա պարտական ենք այն բոլոր զոհերին, ում հարգանքի տուրք ենք մատուցում նման արարողությունների ժամանակ»։

Ադրբեջանական իշխանությունների երկերեսանիությունը կրկին ապացուցող այս բացահայտումներն ի հայտ են գալիս Լեռնային Ղարաբաղի դեմ Բաքվի կողմից իրականացված վերջին ռազմական ագրեսիայից անմիջապես հետո:

«Երբ պետությունն ի վիճակի է անամոթաբար ստել Ֆրանսիային և միջազգային հանրությանը մի դեպքի վերաբերյալ, որը տեղի է ունեցել Փարիզի կենտրոնում, ինչպես կարելի է հավատալ հեռավոր Հարավային Կովկասում տեղի ունեցածի շուրջ նրա կողմից ներկայացվածին։ Հաղթանակի կամարի դեպքը հաստատում է, որ ներկայիս ադրբեջանական ռեժիմը ոչ արժանահավատ է, ոչ՝ վստահելի», — ասել է Ֆրանսուա Ռոշբլուանը: Բարեկամության շրջանակը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը վարկաբեկելու փորձերը վկայում են Բաքվի իշխանությունների ատելության մասին: «Այս վտանգավոր ռազմավարությունը խոչընդոտում է հակամարտության խաղաղ լուծմանը: Երբ Ադրբեջանն ամեն օր իր քաղաքացիների մեջ սերմանում է հայատյացություն, ինչպես կարելի է հասնել տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության: Տարածաշրջանի բոլոր ժողովուրդները՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերը, ինչպես նաև ադրբեջանցիները այս քաղաքականության զոհն են, որի ողջ պատասխանատվությունը կրում է Բաքվի ռեժիմը», — բացատրել է Ֆրանսուա Ռոշբլուանը` եզրահանգելով, որ «միջազգային հանրությունը Ադրբեջանում պետք է այսուհետ գտնի և խրախուսի այլ ուժերի»: