Կալիֆոռնիական Fox 11 հեռուստաալիքը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոս Անջելես այցի մասին պատմող տեսանյութ։ Սյուժեն ներկայացնում էր նորությունների հայազգի հաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանը։
«Հայաստանի Թավշյա հեղափոխությունից հետո Լոս Անջելեսի հայկական համայնքը մշտապես սատարել եւ սպասել է Նիկոլ Փաշինյանին եւ նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին»,- անոնսում ներկայացրել է Կարապետյանը։
Հեռուստաալիքի մեկնաբանի հետ զրույցում հանրահավաքին ներկա հայերը խոստովանել են, որ ՀՀ վարչապետի ելույթի ժամանակ նրանք ավելի զգացմունքային են դարձել, ինչպես նաեւ հայտարարել են իրենց աջակցության մասին։
Հեռուստահաղորդավարուհին, մասնակից լինելով վարչապետի այցի ծրագրին, նշել է այն էնտուզիազմի մասին, որ զգացել է վարչապետի հետ հանդիպման ժամանակ եւ հավելել, որ կարեւոր է հիշել՝ «ով ես դու եւ որտեղից ես եկել»։
Արաքսյան ծնվել է Գյումրիում 1982-ին, 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ, ավարտել Սիրակուզայի համալսարանը։
2012 թվականից Fox 11 հեռուստաալիքում աշխատում է որպես հաղորդավարուհի։