տուն Լուրեր Ֆինանսների նախարարը ներկայացրել է 2017 թ. գերակա խնդիրները

Ֆինանսների նախարարը ներկայացրել է 2017 թ. գերակա խնդիրները

109
0

KarenՄեր վիճակագրական տվյալների վերլուծության մեջ բազմաթիվ խնդիրներ եւ կարմիր լամպեր կան, որոնք մեզ հուշում են՝ ուր գնանք, ինչ անենք: Այդ մասին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների եւ ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկմանը:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ 2016 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1155.0 մլրդ դրամ (առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի շրջանակներում ստացված միջոցների)` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 0.7 տոկոսով, իսկ հարկային եկամուտները եւ տուրքերը` 1,079.7 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 1.1 տոկոսով: Ծախսերի սահուն իրականացման եւ անհրաժեշտ բյուջետային «բարձիկների» ձեւավորման նպատակով բարելավվել է հարկաբյուջետային կարգապահությունը, ինչպես նաեւ ավելացվել է ներքին շուկայում պետական պարտատոմսերի թողարկման հաշվին լրացուցիչ միջոցների ներգրավումը: Գնումների ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում նվազել են գնման ձեւերը, պարզեցվել են ընթացակարգերի կազմակերպման ու դրանց մասնակցության պայմանները, ձեւավորվել է բողոքարկման արտադատական գործունակ եւ անկախ համակարգ, բարձրացվել է գնման գործընթացների թափանցիկության եւ հրապարակայնության աստիճանը, մեխանիզմներ են նախատեսվել կոռուպցիոն հնարավոր դեպքերը կանխարգելելու համար: Ընդլայնվել է էլեկտրոնային գնումների ARMEPS/PPCM համակարգը օգտագործող պատվիրատուների եւ էլեկտրոնային գնումների համակարգով իրականացվող գնումների շրջանակը:

Ֆինանսների նախարարը ներկայացրել է նաեւ 2017 թ. գերակա խնդիրները՝ ներդնել արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի մոնիտորինգի եւ կոորդինացման համակարգ` պետական բյուջեին համահունչ ծրագրերի իրականացման նպատակով, ստեղծել նախատեսվող եւ համաձայնեցված արտաքին ֆինանսավորմամբ ծրագրերի տվյալների բազա:

Վարչապետը, անդրադառնալով Ֆինանսների նախարարության 2017 թ. անելիքներին, նշել է, որ ֆինանսական հոսքերը եւ ծախսերն անհրաժեշտ է կառավարել կոշտ եւ կտրուկ: Կարեն Կարապետյանի խոսքով՝ վարկային միջոցների օգտագործման մասով պետք է ձեւակերպել հստակ հայտանիշեր: «Ունեք բավական հետաքրքիր մակրո եւ ոչ մակրո վերլուծություն, որի հիման վրա առաջարկում եմ հստակ ձեւակերպել այն դաշտը, որտեղ ՊԵԿ-ը պետք է ստվերը բերի սպիտակ դաշտ, որպեսզի հավասարաչափ բոլորի վրա բեռը չտարածի: Մեր վիճակագրական տվյալների վերլուծության մեջ բազմաթիվ խնդիրներ եւ կարմիր լամպեր կան, որոնք մեզ հուշում են՝ ուր գնանք, ինչ անենք»,- ասել է վարչապետը՝ կարեւորելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հարթակի վրա կանոնավոր քննարկումների կազմակերպումը: