Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն երկարատև լռությունից հետո անդրադարձել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցին։ 88-ամյա առաջնորդը հայտարարել է, որ շարունակում է չհավատալ ամերիկացիներին, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ չի ձգտում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
«Մենք միշտ ձգտելու ենք համագործակցության և բարեկամության բոլոր ժողովուրդների հետ, այդ թվում նաև մեր քաղաքական հակառակորդների հետ», — ասել է Ֆիդել Կաստրոն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին ԱՄՆ և Կուբայի ղեկավարները միաժամանակ հայտարարել էին երկու երկրների հարաբերությունների բարելավման անհրաժեշտության, ինչպես նաև դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների վերականգման մասին։