Մարդիկ հազվադեպ են գիտակցում, որ առողջ սննդակարգը մեծ նշանակություն ունի կյանքում: Նման խնդիրներով մարդիկ շատ հազվադեպ են դիմում բժշկի: Այսօր Առողջ սնվելու օրվան ընդառաջ, խոսելով հասարակության՝ դեպի առողջ սննդակարգը ունեցած վերաբերմունքը, նման կարծիք հայտնեց էնդոկրինոլոգ, սննդաբան Հասմիկ Աբովյանը:
Վերջինս նշեց, որ հասարակության զգալի շերտը սննդակարգի կարգավորման համար բժշկի է դիմում ոչ թե առողջական նպատակներով, այլ նիհարելու համար: «Մարդիկ պետք է գիտակցեն, որ ոչ առողջ սննդակարգի պատճառով բազմաթիվ պրոբլեմներ են ի հայտ գալիս տարիների ընթացքում: Երիտասարդ ժամանակ մարդ սխալ ապրելակերպ է վարում և գալիս է մի տարիք, երբ սխալ ապրելակերպի և սննդակարգի հետևանքները գլուխ են բարձրացնում և մի շարք պրոբլեմներ են ի հայտ գալիս»,- նշեց բանախոսը:
Խոսելով անառողջ սննդակարգի ամենախոցելի խմբի մասին՝ էնդոկրինոլոգն առանձնացրեց երեխաներին՝ շեշտելով, որ վերջիններս սնվում են՝ օրինակ վերցնելով ծնողներից, ուստի անհրաժեշտ է որպեսզի ծնողները հետևեն իրենց սննդակարգին:
«Երեխաները դպրոցներում և մանկապարտեզներում սանիտարահիգենիկ պայմաններին չեն ծանոթանում, բացի այդ՝ մթերքների պատրաստման հարցում ևս սանիտարահիգենիկ պայմանները հաճախ չեն պահպանվում: Քանի որ երեխաներին անընդհատ հետևելն անհնար է, պետք է ինչպես մանկապարտեզում, այնպես էլ տանը նրանց սովորեցնել սանիտարահիգիենիկ որոշ պայմանների, որոնք թույլ կտան երեխաներին մաքուր սնվելու»,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է անառողջ սննդին, ապա, որպես այդպիսին, բանախոսը որակեց ֆասթֆուդը, որն օրգանիզմի առաջին թշնամին է: Վերջինս խորհուրդ տվեց չսնվել ֆասթֆուդով առհասարակ՝ ընդգծելով, որ հղի կանանց համար ֆասթֆուդը կրկնակի վնասակար է: Եզրափակելով՝ էնդոկրինոլոգը խորհուրդ տվեց սնվել բացառապես բնական մթերքներով: