Իտալացի հանրահայտ երգիչ և կոմպոզիտոր, համաշխարհային մեծության աստղ Էրոս Ռամազոտին 2016թ. ապրիլի 26ին համերգ է տալու Հայաստանում: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին համերգի կազմակերպիչ «Trident Music», «Global Communications» և «Forpostart Production» ընկերություններից, համերգը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգն իրականանում է երգչի «Perfetto» համաշխարհային շրջագայության շրջանակում: Այս շրջագայությամբ նա մտադիր է գովազդել իր նոր համանուն ալբոմը, որը ներառում է 15 ստեղծագործություն: Համաշխարհային շրջագայությունը կմեկնարկի Իտալիայում: Երգիչը Երևանում ցնցող և բացառիկ շոու է ծրագրում՝ հատուկ ռոբոտներով, կենդանի հնչողությամբ, շքեղ լուսավորությամբ ու գեղեցիկ հրատեխնիկայով: Շոուի սարքավորումները հազիվ են տեղավորվում տասը հսկայական բեռնատարներում, իսկ ուղեկցող թիմն ավելի քան 80 մարդուց է բաղկացած լինելու: Ռամազոտին համագործակցել է բազմաթիվ արտիստների` այդ թվում` Շերի, Թինա Թերների, Անդրեա Բոչելիի, Ադրիանո Չելենտանոյի, Լուչիանո Պավարոտիի, Ռիկի Մարտինի հետ: