Նախատեսվում էր, որ ապրիլին Երևանում պետք է կայանա իտալացի երգիչ, կոմպոզիտոր Էրոս Ռամազոտի համերգը: Սակայն, երեկ երեկոյան ТАСС գործակալությունից տեղեկանում ենք, որ համերգային շրջագայության պրոդյուսեր Trident Music Srl ընկերությունը հայտարարել է Էրոս Ռամազոտիի՝ Perfetto համերգային շրջագայությունների շրջանակում՝ Ռուսաստանում, Էստոնիայում և Հայաստանում տեղի ունենալիք համերգների չեղարկման մասին։ Որպես պատճառ նշվում է, որ համերգաշրջանի ռուսական կազմակերպչի կողմից բազմիցս խախտվել են մի շարք պայմանագրային կետեր՝ մասնավորապես` ֆինանսական պարտականությունները, որոնք խոչընդոտում են Ռամազոտիի համերգների միջազգային մակարդակով անցկացմանը:
Տեղեկացնենք, որ երեկ դեռ առավոտյան մենք գրավոր հարցում էինք ուղարկել «Ֆորպոստարտ պրոդաքշնին»՝ համերգի վերաբերյալ մանրամասների համար: Այնտեղից մեզ պատասխանել են.«Տոմսերի գները սկսվում են 8000 դրամից մինչև 150 000 դրամ: Հետաքրքրությունը հասարակության շրջանում մեծ է՝ զանգերը, գրանցված տոմսերը: Կարող ենք ասել, որ համերգասրահի 80% զբաղված կլինի»:
Մեր հարցերին ի պատասխան նաև նշվել էր, որ Ռամազոտիի համերգի աշխատանքային խմբում ներառված է 83 մարդ, իսկ երգիչը Հայաստանում կմնա երկու օր:
Սակայն կազմակերպությունը շրջանցել էր մեր հետևյալ հարցը՝ շատ են եղել դեպքեր, երբ Հայաստանում համաշխարհային աստղեր համերգներ են կազմակերպել, տոմսերը վաճառվել են, բայց այդպես էլ համերգը տեղի չի ունեցել: Այս դեպքում կա՞ն պատճառներ, խնդիրներ, որոնք դեռ լուծված չեն և դրանց պատճառով հնարավոր է հետաձգել կամ չեղարկել համերգը:
Այսօր առավոտյան Araratnews.am-ը կապ հաստատեց համերգի կազմակերպիչ «Ֆորպոստարտ պրոդաքշնի» հետ, որտեղից մեզ տեղեկացրին, որ դեռ նորություններ չկան՝ համերգը կկայանա, թե՝ ոչ: Ամեն ինչ դեռ պարզաբանման, բանակցությունների փուլում է և մոտակա ժամանակահատվածում հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ: