«Էրեբունի» թանգարան-արգելոցում կգործի ուրարտական խոհանոց, որտեղ այցելուներին կմատուցվեն ուրարտական ճաշատեսակներ: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց թանգարան-արգելոցի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:
«Խոհանոցը ստեղծվելու է Էրեբունիում և Կարմիր բլուրում պեղումների ժամանակ հայտնաբերած գյուղատնտեսական արտադրանքի հիմքի վրա: Պեղումների ժամանակ Կարմիր բլուրում, նաև Էրեբունիում կերամիկական կճուճների և կարասների մեջ հայտնաբերվել են գյուղատնտեսական արտադրանք` քնջութ, ոսպ, սիսեռ, գարի, ցորեն, սալոր, խաղողի կորիզ և այլն: Նշված մթերքների հետ հայտնաբերվել են նաև տարբեր կենդանիների ոսկորներ, որոնցից Ուրարտուի ժամանակաշրջանում ժողովուրդը տարբեր ճաշատեսակներ է պատրաստել»:
Տնօրենի խոսքով` այդ ճաշատեսակների բաղադրատոմսերը ոչ նյութական ժառանգություն են, որոնք ցանկանում են ցուցադրել այցելուներին. «Մենք ցանկանում ենք նաև վերստեղծել ոչ նյութական ժառանգություն, այսինքն` եթե թանգարանում ցուցադրում ենք այդ հայտնաբերված գյուղատնտեսական արտադրանքը, հետևաբար նաև հետաքրիր է, թե դրանցից ինչ կերակուրներ են պատրաստել»:
նա նաև հավելեց, որ խոհանոցը չի լինելու թանգարանի շենքում, այլ շենքի հարակից տարածքում. «Սա թանգարանի շենքի հետ կապ չունի, մենք 30 հեկտար տարածք ունենք, այդ տարածքի մի հատվածում ցանկանում ենք վերականգնել ուրարտական բնակելի տուն` իր բակով, թոնրով, որտեղ կմատուցվեն ուրարտական ճաշատեսակներ»:
Մեր հարցին, այսինքն` ռեստորա՞ն է լինելու, Գյուրջյանը պատասխանեց. «Ո՛չ, դա ռեստորանի հետ կապ չունի, ռեստորանն այն է, որ կարող ես գնալ և պատվիրել ամեն ինչ` կոնյակ, ուտելիքներ: Սա զուտ ուրարտական ժամանակաշրջանը ներկայացնող խոհանոց է լինելու: Աշխարհում շատ այդպիսի վայրեր կան, որոնց մոտակայքում ռեստորաններ կան, բայց մենք մեր տարածքում ցանկանում ենք վերստեղծել ոչ նյութական ժառանգությունը»:
Թանգարանի տնօրենը նաև ընդգծեց, որ խոհանոցը նախատեսված է թանգարանի այցելուների համար. «Այն կլինի թանգարանի այցելուների համար, որտեղ մարդիկ կկարողանան ընտանիքներով այցելել, թանգարանը մտնել, հետո միջնաբերդը նայել և խոհանոցն էլ. եթե ցանկանան` կմտնեն, եթե ոչ` չեն մտնի»:
Իսկ խոհանոցից ստացված շահույթը, Գյուրջյանի խոսքով` կծառայի տարածքի պահպանությանը. «Բնականաբար, արգելոցների պարագայում շահույթը պետք է նպաստի նրա պահպանությանը, որովհետև դա պատմամշակութային տարածք է, մեր դեպքում այն 30 հեկտար է զբաղեցնում և խնամքի, պահպանության կարիք ունի»:
Գագիկ Գյուրջյանի հավաստմամբ` «Էրեբունի» թանգարան-արգելոցում խոհանոց ունենալու պատվերը քաղաքապետարանինն է, իսկ գաղափարը` թանգարանինը:
Էմմա Հովսեփյան