տուն Լուրեր Էրդողանը խոսել է Սիրիայում հավանական նոր ռազմական գործողություն սկսելու մասին

Էրդողանը խոսել է Սիրիայում հավանական նոր ռազմական գործողություն սկսելու մասին

138
0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել 11-րդ անգամ անցկացվող դիվանագիտների կոնֆերանսի ընթացքում՝ անդրադառնալով երկրի արտաքին քաղաքականությանը, այդ թվում նաև Սիրիայում հավանական նոր ռազմական գործողություն սկսելուն և ԱՄՆ-ի հետ հարաբերություններին:

Սիրիայի հարցի վերաբերյալ Էրդողանը նշել է, որ Թուրքիան պարտավոր է նախաձեռողականություն ցուցաբերել ոչ միայն սեփական ապագայի, այլև տարածաշրջանային խաղաղության և հանգստության համար: Նա շեշտել է, որ անհրաժեշտության դեպքում ուժի կիրառմամբ պաշտպանելու են երկրի ազգային շահերը և Սիրիայի հյուսիսում «ահաբեկչությունը» վերացնելը Թուրքիայի համար առաջնահերթ խնդիր է: Էրդողանն ակնարկել է նոր ռազմական գործունեություն սկսելու հավանականության մասին՝ նշելով. ««Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գործողություններով սկսված գործընթացը շատ մոտ ապագայում մեկ այլ մակարդակի կհասցնենք»:

Էրդողանը, խոսելով Թուրքիայի կողմից գնված ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակի և դրա պատճառով թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների մասին, նշել է, որ ԱՄՆ-ից ակնկալում են քայլեր, որոնք վայել են իսկական դաշնակցին։

Նա հետևյալ շեշտադրումներն է արել. «Չկան տվյալներ, որոնց համաձայն, S-400-ները վնաս են հասցնելու F-35-ներին և ՆԱՏՕ-ին։ S-400-ներ գնելով Թուրքիան իր անվտանգության հարցում ոչ թե ռազմավարական քայլ է արել, այլ զուտ բիզնես գործարք է կնքել։ Հենց մեր դաշնակիցների անզիջում վերաբերմունքն է ստիպել նման քայլի գնալ: Հույս ունեմ, որ Թրամփն իր ճիշտ դիրքորոշմամբ թույլ չի տա, որ մեր հարաբերությունները S-400-ների խնդրի պատանդը դառնան:

ԱՄՆ-ից ակնկալում ենք, որ ինչպես FETÖ-ի առաջնորդներին (նկատի ունի ԱՄՆ-ում բնակվող իսլամի հայտնի քարոզիչ, գյուլենական համայնքի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին) Թուրքիա արտահանձնելու, այնպես էլ PKK/YPG ահաբեկչական կազմակերպությանը (նկատի ունի Սիրիայի քրդական ուժերին, որոնց նույնականացնում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ) զինելու դադարեցման ուղղությամբ հստակ քայլեր կանի»:

Աղբյուրը՝ ermenihaber.am