Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Ռուսաստանին Արցախյան հակամարտության կողմերից մեկը լինելու մեջ, տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը: Թուրքիայի նախագահի խոսքով` Ռուսաստանը հայտարարել է, թե Թուրքիան սատարում է Ադրբեջանին:
«Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև երրորդ կողմ եք փնտրում, կարծում եմ՝ ամենակարևոր կողմը Ռուսաստանն է: Վերջինը երրորդ կողմ էր նաև Վրաստանում և Ուկրաինայում, հիմա էլ՝ Սիրիայում: Պետք է տեսնել այս հանգամանքը»,- նախագահական նստավայրում երկրի տարբեր նահանգներից եկած գյուղապետերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Էրդողանը:
Մինչդեռ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել է, թե Ռուսաստանը չի մեղադրում Թուրքիային Արցախում իրավիճակը սրելու մեջ: Ըստ Լավրովի` Թուրքիայի և թուրք ժողովրդի համար լավ կլինի, որ Անկարան պարզապես դադարեցնի ահաբեկիչներին աջակցելը:
Անդրադառնալով երեկ կեսօրին հայկական և ադրբեջանական կողմերի միջև կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ Թուրքիայի նախագահը ասել է. — «Մաղթում եմ, որ զենքերի լռեցմանը ուղղված՝ Ադրբեջանի ձեռնարկած քայլերին Հայաստանը ևս ընդառաջ գնա: Հակառակ դեպքում ողջ մեղավորությունն ու հետևանքները Հայաստանն է կրելու»: