Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, հնարավոր է, օգտվել Savarona պատմական զբոսանավից, որը պատկանել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին: Էրդողանը զբոսանավով կարող է կատարել արտասահմանյան այցեր, ինչպես նաև հյուրեր ընդունել: Այս մասին գրում է Hurriyet-ը` հղում կատարելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքին:
«Զբոսանավը կարող է ուղեկցել նախագահի արտասահմանյան այցերի ժամանակ և օգտագործվել օտարերկրյա պետությունների ղեկավարներին ընդունելու համար: Այսպիսով, նախագահը հնարավորություն կունենա նրանց հրավիրել Թուրքիայի տարածքում կազմակերպվելիք այցերի ժամանակ կամ գտնվելով արտերկրում», — ասել է նախարարը` հավելելով, որ զբոսանավի վերականգնումը շարունակվում է:
Տեղեկացնենք որ զբոսանավն ունի 136 մետր երկարություն, կառուցվել է 1931 թվականին ամերիկացի ինժեներ Ուիլյամ Ֆրենսիս Գիբսի կողմից: 1938 թվականին այն գնվել է կառավարության կողմից և փոխանցվել Աթաթուրքին: 1989 թվականին զբոսանավը գնվել էր գործարար Կահրաման Սադիկօղլուի կողմից , սակայն 2010 թվականին պատմական այս զբոսանավը հետ է գնվել պետության կողմից.: