Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում Եվրամիության որդեգրած քաղաքականությունը, Gazeta.ru-ի փոխանցմամբ` դրա մասին նա գրել է բրիտանական The Guardian-ում տպագրված իր հոդվածում:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան ավելի շատ, քան աշխարհում որևէ երկիր, ընդունել է փախստականների և մեծ ծախսեր է արել նրանց մարդասիրական աջակցության համար: Դրանով իսկ, ըստ նրա, Թուրքիան «ամենամեծահոգի» երկիրն է:
Էրդողանի խոսքով` միջազգային հանրությունը երկար ժամանակ անտեսել է այդ խնդիրը և ուշադրություն դարձրել դրան միայն եվրոպական երկրներում իսլամիստների կողմից իրականացված ահաբեկչություններից հետո:
«Սիրիայի հետ կապված բազում խնդիրներից կարելի էր խուսափել, եթե աշխարհը միջամտեր այդ հակամարտության սկզբնական շրջանում»,- ասել է Էրդողանը:
Նա հավելել է, որ ժամանակն է, որ Եվրոպան կիսի Թուրքիայի հետ փախստականների խնդիրների լուծման բեռը: Միաժամանակ նա շեշտել է, որ պետք է տապալել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը, ինչը, ըստ նրա, այդ երկրում ժողովրդավարության հաստատման անհրաժեշտ պայմանն է: