«Եթե մենք զրոյի չենք նստել ու ամենամինիմալ վիճակում ունեցել ենք 40-45 տոկոս էլեկտրաէներգիայի մատակարարում և վիճակն արագ կայունացվել է, նշանակում է, որ համակարգը լիովին պատրաստ էր»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
Վարդանյանը նշեց, որ էներգետիկ համակարգում երկու օր առաջ տեղի ունեցած վթարն այնքան մեծ էր, որ հնարավոր էր, որ համակարգը զրոյի նստեր, այսինքն՝ ունենայինք էլեկտրաէներգիայի ամբողջական դադարում, որի վերականգնումը մի քանի օր կտևեր:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ վթարից անմիջապես հետո, երբ պարզ դարձավ, որ ռեակտիվ էներգիայի երկու մեծ աղբյուրները չեն գործում, ռեակտիվ էներգիայի ներմուծում է տեղի ունեցել Վրաստանից և Իրանից։
Դիտարկմանը՝ եթե ատոմակայանը այդ պահին միացված լիներ, հնարավո՞ր է վթարը ազդեր նաև ՀԱԷԿ-ի աշխատանքի վրա, փոխնախարարը պատասխանեց. «Եթե ՀԱԷԿ-ը միացված լիներ՝ ավելի հեշտ կլիներ, որովհետև կունենայինք ևս մեկ ռեակտիվ էներգիայի աղբյուր: Մինչև վթարը ատոմակայանին հասնելը բազմաթիվ ռելեական սարքավորումներ կան, որոնք կաշխատեին, ինչպես աշխատեցին Երևանի ՋԷԿ-ում և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկում»: