տուն Լուրեր Էներգետիկ համակարգի առողջացումն՝ անհրաժեշտություն է

Էներգետիկ համակարգի առողջացումն՝ անհրաժեշտություն է

137
0

20150913_112848

Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի առողջացման ծրագրի նպատակով Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը  որոշեց հատկացնել 30 մլն դոլարի արտոնյալ վարկ։ Այն նախատեսվում է ուղղել համակարգի ձեռնարկությունների ֆինանսական վիճակի բարելավմանը եւ կայուն էներգամատակարարման ապահովմանը։ Վարկի տրամադրումը կարեւոր է նրանով, որ հնարավորություն է տալիս մի կողմից փոխհատուցել «Երևանի ՋԷԿ-ում» եւ ՀԱԷԿ-ում վերջին 5 տարիներին առաջացած պարտքերի մի մասը, մյուս կողմից՝ թեթեւացնել ոչ իրենց պատճառով ձեւավորված ֆինանսական բեռը։

Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների ֆինանսական վիճակի վատթարացման վրա լուրջ ազդեցություն են ունեցել մի շարք կարևոր գործոններ։ Մասնավորապես կատարվել են դրանց գործունեության հետ ուղղակիորեն կապ չունեցող ծախսեր և տրամադրվել են փոխառություններ, որոնք այսօր ծանրացել են այդ ընկերությունների վրա։

Դրանք, ըստ էության, եղել են հարկադրված քայլեր, որոնց շրջանակներում ներգրավված միջոցներն ուղղվել են մի շարք ընկերությունների պարտքերի մարմանը։ Խոսքը վերաբերում է՝ «Նաիրիտ գործարանին» և «Վանաձոր Քիմպրոմին»։

«Նաիրիտը» դադարել է աշխատել սկսած 2010թ.։ Հաշվի առնելով վերջինիս առանձնահատկությունները՝ իրականացվել են միջոցառումներ գործարանի անվտանգության ապահովման համար։ Հիշեցնենք, որ «Նաիրիտն» այն եզակի ձեռնարկություններից է, որոնք ծախսեր են պահանջում անգամ հարկադիր կանգառի պայմաններում։ Այսօր էլ այդ ծախսերը կատարվում են։ Խոսքը ոչ միայն գազի և էլեկտրաէներգիայի, այլև աշխատավարձերի վճարման մասին է։ Ոչ աշխատանքային վիճակում ընկերության պահպանման համար պահանջվում է տարեկան գրեթե 3 մլրդ դրամ։

Չունենալով այդ միջոցները՝ ստիպված դրանք ներգրավել են էներգետիկ համակարգի պետական ընկերությունների հաշվին։ Այս դեպքում՝ խոսքը առաջին հերթին «Երևանի ՋԷԿ-ի» և «Որոտան ՀԷԿ-ի» մասին է։

«Նաիրիտ գործարանին» և «Վանաձոր Քիմպրոմին» նշված երկու ընկերությունների տրամադրած փոխառությունների գումարը հասնում է 35,3 մլրդ դրամի։ Գումարներն ուղղվել են ոչ միայն «Նաիրիտի» անվտանգության ապահովման ուղղությամբ ծախսերի իրականացմանը, այլև աշխատողների աշխատավարձերի վճարմանը։

Էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների ֆինանսական վիճակի վատթարացման հիմնական պատճառներից է եղել ոչ իրատեսական էներգահաշվեկշիռների, ՀԱԷԿ-ի լրացուցիչ կանգառի, ջրի սակավությամբ պայմանավորված ՀԷԿ-երում թերի արտադրված էլեկտրաէներգիայի հետևանքով «Հայաստանի էլեկտրական ցացեր» ՓԲԸ-ում առաջացած 22,4 մլրդ դրամ ժամկետանց պարտքերը։

Այդ պայմաններում էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերություններն իրենց շահագործման ծախսերը կատարելու համար հարկադրված են եղել առևտրային բանկերից ներգրավել կարճաժամկետ եւ թանկ վարկեր։ Խոսքը 9-11,5 տոկոսով ներգրավված միջոցների մասին է։ Դրանց միայն սպասարկման ծախսերը տարեկան կազմում են 1,4 մլրդ դրամ։ Գումարը ներառված չէ  սակագներում, բայց լրացուցիչ բեռ է ընկերությունների վրա։

Այլ ընկերությունների նկատմամբ ունեցած պարտքերից բացի, ՀԲ-ի տրամադրած 30 մլն դոլար վարկի մի մասը նախատեսվում է ուղղել առևտրային բանկերից էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների ներգրաված թանկ վարկերը վերակառուցելու և դրանց ֆինանսական բեռը քիչ, թե շատ թեթևացնելու նպատակով։  Պայմաններն այս դեպքում անհամատեղելի են ներքին ֆինանսական դաշտից ներգրաված վարկերի համեմատ՝ 25 տարվա մարման ժամկետ, որից 14 տարին արտոնյալ։

 

Ն.ՍԱՐԳՍՅԱՆ