տուն Լուրեր Էլեկտրաէներգիայի վճարումը կատարվում է նախկին սակագնով. ՀԷՑ եւ «Իդրամ»

Էլեկտրաէներգիայի վճարումը կատարվում է նախկին սակագնով. ՀԷՑ եւ «Իդրամ»

125
0

idram

Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի թանկացված սակագնի սուբսիդավորումը պետք է իրականացնի ՀՀ կառավարությունը:

Վերջին օրերին վճարման  կետերում խառնաշփոթ է առաջացել. բնակիչներն ահազանգում են, թե վճարում են կատարում նոր սակագնով: Araratnews.am-ի  հետ զրույցում ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը պարզաբանեց, որ նախորդ ուրբաթ ՀԷՑ-ը ծրագիր է ուղարկել բանկերին և «Հայփոստ»-ին, որով պետք է կատարավեր վճարի ստացումը:

«Մեր ուղարկած ծրագրերը պետք է ադապտացվեն իրենց ծրագրերին, որպեսզի բնակիչը կարողանա նախկին սակագնի կողքին անդորրագրի վրա տեսնել նաև նոր սակագինը, որը ենթակա է սուբսիդավորման կառավարության կողմից»,-մանրամասնեց նա ու նշեց, որ ծրագրի ադապտացման հետ կապված գուցե խնդիրներ առաջացել են, բայց ավել վճարումներ չեն եղել:

Մեր այն դիտարկմանը, թե երեկ գրանցվել են այդպիսի դեպքեր, Սարջանյանը պատասխանեց. «Ես ձեզ հավատացնում եմ՝ ոչ-ոք ավել գումար չի վճարել: Եթե նույնիսկ բանկի աշխատակցի սխալի հետևանքով վճարողից ավել գումար վերցվի, ապա այն որպես կանխավճար կնստի հաջորդ ամսվա գումարի վրա»,-նշեց Սարջանյանը՝ կոչ անելով բնակիչներին ավելի վճարելու դեպքում դիմել իրենց:

«Իդրամ» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթև Մադաթյանը Araratnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ «Իդրամ» վճարային համակարգի միջոցով էլեկտրաէներգիայի վճարումը կատարվում է նախկին սակագնով:

«Քաղաքացին տեսնում է այն թիվը, որը պետք է վճարի, այսինքն՝ արդեն սուբսիդավորված գումարը: Բայց կարող է հոսանքի ծախսը բազմապատկել նոր սակագնով եւ իմանալ՝ ինչքան է իրական, չսուբսիդավորված գումարը: «Իդրամ»-ի օգտատերերի շրջանում չի առաջանում անպարզ իրավիճակ»,- պարզաբանեց Տաթև Մադաթյանը:

Տեղեկացնենք նաեւ՝ այսօր Կառավարության նիստին հայտի դարձավ, որ ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը դիմել է Հայաստանի կառավարությանը՝ իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը Կիպրոսի «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը վաճառելու հարցով։