Սպառողների ասոցիացիայի նախագահ ԱրմենՊողոսյանը գտնում է, որ էլեկտրաէներգիայի թանկացման համար բերված հիմնավորումներն իրատեսական չեն: Բողոքներ ու դիմումներ չեն ստացել. դեռ ժամանակը չէ: Նրա խոսքով` աշնանն ու ձմռանն ավելի տեսանելի կլինի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը:
«Բանն այն է, որ հիմա ամառ է ու այդ ծանրությունը կզգացվի աշնանը, երբ մարդիկ սկսեն ջեռուցել բնակարանները: Դիմումներ, բողոքներ չունենք դեռևս»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Պողոսյանի խոսքով` տնտեսության մեջ պետք է փնտրել հեռանկարային մոտեցումներ:
«Թանկացման շուրջ հիմնավորումներ կան, բայց դրանք չակերտավոր հիմնավորումներ են, որոնք մեզ չեն բավարարում: Մեր տնտեսությունում չկա տնտեսական հեռանկարային մոտեցում, ու կարկատանային ձևով է գնում ամեն ինչ: Ասենք` մի մասին կոմպենսացրին հոսանքը, բա մյո՞ւս մասը: Դա ելք չէ: Ելքը նա է, որ մենք կարողանանք գնահատել մեր պետության ռեսուրսները: Մենք մեր էլեկտրաէներգիան մենք ծախսում ենք չափից դուրս անհաշվենկատ: Մեր էլեկտրական տրանսպորտը մենք ոչնչացրինք: Չկա ոչ տրոլեյբուս, ոչ տրամվայ, ոչ մետրո: Վերջին 20 տարում Թիֆլիսում 4-5 մետրոյի կայարան սարքեցին, Բաքվում` 6 կայարան, իսկ մեզ մոտ նույնիսկ 1 կայարան չսարքեցինք: Փոխարենը` փող ենք ծախսում բենզին ներկրելու և քաղաքային տրանսպորտը այդ ձևով շարունակում»,- եզրափակեց Արմեն Պողոսյանը: