Կոտայքի մարզում ապրող մեր թերթի հավատարիմ ընթերցողների խումբը ոչ միայն մամուլի հրապարակումներին է ուշադիր հետեւում, այլեւ, պարզապես, լավ քաղաքացիներից է կազմված։ Նրանք ոչ թե անհասցե դժգոհողների խավին են պատկանում, որոնց շուրթերից չի իջնում «էս երկիրը երկիր չի» արտահայտությունը, այլ սրտացավ ու հայրենասեր մարդիկ են, որոնք թեեւ ունեն հնարավորություն, բայց չեն լքում իրենց հայրենիքը։ Ամիսներ առաջ նրանք հեռուստատեսությամբ պատահաբար լսել են գործարար Խաչատուր Սուքիասյանի հարցազրույցը, որտեղ նա խոսել է մեզանում գյուղատնտեսության զարգացման հեռանկարների մասին, եւ կոչ է արել բոլորին հող մշակել։ Լսել են ու ոգեւորվել։ Ընկերներով հավաքվել, որոշել են հետեւել Սուքիասյանի խորհրդին, եւ ամեն մեկը մի քանի հեկտար հող է գնել ու սկսել մշակել։ Մեկը ելակ է դրել, մյուսը՝ պտղատու այգի, երրորդը՝ բանջարեղեն։ Մեկն արդեն այս տարի բերք կունենա, մյուսը՝ մի քանի տարուց։ Բոլորն էլ զբաղմունք ունեցող՝ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ են, եւ հողագործությունը նրանց հիմնական զբաղմունքը չէ, բայց անհամբեր սպասում են հողից բերքուբարիք ստանալուն։ Մեզ պատմեցին, որ իրենց օրինակը վարակիչ է եղել որոշ համաքաղաքացիների համար։ Անգամ հողի գներն են մի քիչ բարձրացել։ Անշուշտ, նրանք առաջիկայում բազում դժվարություններ կունենան։ Չի բացառվում անգամ, որ հիասթափություններ ապրեն։ Չէ՞ որ մեզանում հող մշակելը հեշտ չէ, եթե չասենք, որ բավականին բարդ է, աշխատատար եւ պակաս շահավետ։ Բայց կարեւորն այն է, որ այս մարդիկ, որ մեծահարուստներ չեն եւ այս ձեռնարկի վրա ներդրած գումարներն էլ օդից չեն ստացել, այլ քրտինքով են աշխատել, ձեռքները ծալած չեն նստում եւ իրենց բախտն ու երկիրը չեն անիծում։ Այլ փորձում են ինչ-որ բան անել։
Նյութի աղբյուրը ` hraparak.am