Ria Novosti-ին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ անպայման դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ կապված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի հետ, եւ իր փաստաբաններն արդեն պատրաստում են դիմումը։
«Ես անպայման կդիմեմ ՄԻԵԴ, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Հարցն այն է, որ դրա համար պետք է անցնել ներպետական բոլոր ընթացակարգերը։ Թեև կան առանձին դեպքեր, որ ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունում գործեր մինչև ներպետական ընթացակարգերի սպառումը, այն դեպքում, երբ կա ակնհայտ ճնշում դատարանների նկատմամբ և իրավիճակ, որի դեպքում ներքին ընթացակարգերն արդեն ինքնին չեն կարող ապահովել օբյեկտիվ դատաքննություն։ Իմ դեպքում կա այդ ճնշումը, և այժմ իմ փաստաբաններն արդեն պատրաստում են այդ դիմումը»։
Քոչարյանն «աննախադեպ» է համարել ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումը. «Ինչ-որ չտեսնված բան է Հայաստանի պատմության մեջ։ Այնպիսի սկանդալ է, որին, նվազագույնը, պետք է հրաժարականներ հաջորդեին: Սակայն նրանք շարունակում են պաշտոնավարել: Չնայած, եթե օբյեկտիվ լինենք, նրանք բռնվել են հանցանքի պահին, քանի որ դատարանների նկատմամբ ճնշումը ուղղակի քրեական հանցագործություն է»:
Քոչարյանի խոսքով՝ գաղտնալսումը ոչնչացնում է իր նկատմամբ հարուցված քրեական գործը:
«ՄԻԵԴ-ի համար այդ փաստը բավարար է: Քրեական գործը սարքված է: Ես այն իրավական աղբ եմ անվանում: Այլ բառ գտնելը դժվար է»,- հավելել է Քոչարյանը: