Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերեշն ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը` հղում անելով դիվանագիտական աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող 5 երկրներից և ոչ մեկը նրա թեկնածությանը դեմ չի քվեարկել թվով վեցերորդ գաղտնի քվեարկության ժամանակ:
Պորտուգալիայի նախկին վարչապետի թեկնածությանն աջակցել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամ երկրներից 13-ը:
Պաշտոնական քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 6-ի առավոտյան (երևանյան ժամանակով` 04:00-ին):
Գուտերեշից բացի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում էին նաև Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Թյուրքը, Արգենտինայի ԱԳ նախարար Սուսաննա Մալկորան, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը, ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան և ևս 5 թեկնածու:
Գործող գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր պաշտոնավարումը կավարտի 2017-ի հունվարին: