«Ես Հրազդանի ընտրություններին շատ մանրամասնորեն չեմ հետեւել, որովհետեւ զբաղված եմ եղել այլ տեղում ընտրություններով: Ես ունեմ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գնահատականները: Ես կարող եմ խոսել այն տեղերի մասին, որտեղ մենք՝ ՀՅԴ-ն ուներ թեկնածուներ: Ունեինք թեկնածու Թալին քաղաքում եւ Քանաքեռավանում»: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչպիսին է ՀՅԴ-ի տեսակետը կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ:
Աղվան Վարդանյանի խոսքով՝ տեղամասերում խախտումներ չեն եղել, քանի որ իրենք բոլոր ընտրատեղամասերում ունեցել են իրենց մարդկանց: «Բայց ամբողջ խնդիրը վարչական ռեսուրսի օգտագործումն է, մինչեւ ընտրությունների օրը աշխատանքներ են, խոսքերն են ցավոք անապացուցելի ընտրակաշառքների մասին, տարբեր ճնշումների մասին, բայց, ընդհանուր առմամբ, ընտրությունների օրը նորմալ էր ամեն ինչ»,- ասաց Աղվան Վարդանյանը: ՀՅԴ խմբակցության քարտուղարի խոսքով՝ եւ Թալինում, եւ Քանաքեռավանում իրենք առաջադրել էին կիրթ, տվյալ համայնքներում ճանաչված թեկնածուների:
Նշենք, որ Քանաքեռավանում ՀՅԴ թեկնածուն հաղթել էր իր մրցակից ՀՀԿ-ականին, իսկ Թալինում Դաշնակցությունը պարտություն էր կրել: