Այս ընտրություններում մրցակցությունն ավելի ուժեղ է եղել հենց Հանրապետական կուսակցության թեկնածուների միջև և եղել է բավականին թեժ, ոչ քաղաքական: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
«Սա էր պատճառը, որ այս ընտրությունների ժամանակ խորամանկաբար օգտագործվում էին այն քայլերը, ինչպիսիք ֆինանսական ռեսուրսի օգտագործումն էր, ուղղորդելը և այլն: Ընդհանուր առմամբ ասենք, որ ունենք խորհրդարան, բայց կա մի խնդիր, որ Հայաստանի առջև կանգնած խնդիրները և շարքային ընտրողի ցանկությունները, խնդիրները էլի չեն լուծվելու: Ունենք ևս մի իրավիճակ՝ հասարակության մեջ կա մի տեսակետ կամ մի ցանկություն, որը համամասնորեն արտացոլված չէ պառլամենտում»:
Անդրադառնալով ԱԺ ընտրությունների ժամանակ խախտումներին՝ ասուլիսի մյուս բանախոս՝ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն ընդգծեց. «Օրենքը, որով անցկացվեց ընտրությունները, հակասահմանադրական է: Սահմանադրությունն ասում է՝ պետք է համամասնական ընտրություններ լինեն, բայց անցկացվել է մեծամասնական, կեսը՝ համամասնական, այսինքն՝ ԱԺ-ն ձևավորվել է այդպես, ինչն ուղղակի հակասում է Սահմանադրությանը, և սրանով այս մարմնի լեգիտիմությունը 0-ի է ձգտում: Հետո ինչ, որ մեծամասնականը կոչել են ռեյտինգային, կարող էին տիեզերական, աստվածային կոչել, դրանից էությունը չի փոխվում: Սահմանադրության եզակի դրույթներից մեկն այն էր, որ պետք է համամասնական լինի, եթե լիներ համամասնական, իշխանությունն այնքան հեշտ չէր կարող անել այն, ինչ արեց»:
Գիմիշյանը նաև հավելեց, որ ընտրությունների ժամանակ խնդիր է եղել նաև ընտրողների թիվը. «Մինչև ընտրությունները ֆիքսվել էր 2,5 մլն ընտրող, իսկ ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո՝ 1 մլն 577 հազար [մասնակից]: Ինձ համար ակնհայտ էր, որ Հայաստանում 2,5 մլն ընտրող չկար»: