ԱԺ-ում շարունակվում են Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները: Ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը: Նա նախ նշեց, որ եթե իր խոսքը սկսի այնպես, ինչպես արդեն արել են իր գործընկերները, ապա այդպես չի անի: «Հանրային վստահություն ընտրական գործընթացների նկատմամբ չկա, այն զրո է: Նոր ԸՕ-ը նախ եւ առաջ պետք է լուծի մարդկանց վստահության հարցը, այն պետք է սահմանի այնպիսի մեխանիզմներ, որպեսզի հերթական ընտրություններից հետո հասարակության մոտ չլինի միեւնույն հուսահատությունը: Արդյոք այս օրենսգքիրքը սահմանում է նմանատիպ մեխանիզմներ»,- նշեց Էլինար Վարդանյանը: Պատգամավորն ապա անդրադարձավ այն խնդիրներին, որոնք մտահոգում են իրենց: «Առաջինը խոսքս վերաբերում է համամասնական ընտրակարգին: Անցում կատարում ենք մենք այս համակարգով համամասնական ընտրակարգին, իմ կարծիքով չէ: Իմ գնահատմամբ սա թաքնված մեծամասնական ընտրակարգ է»,- նշեց պատգամավորը: Նա նշեց, որ Սահմանադրական փոփոխություններից հետո իր մոտ զարմանք էր առաջացնում, որ կային պատգամավորներ, ովքեր դեմ էին համամասնականին, հիմա դարձել են դրա ջատագովը: Նա գտնում է, որ այդ ընտրակարգը Հայաստանում չի աշխատի: «Այս համակարգը թույլ է տալիս թաղային հեղինակությունները հետագայում դառնան պառլամենտի անդամներ»,- ասաց պատգամավորը: Նրա խոսքով այսուհետ ընտրություններ են լինելու ոչ թե քաղաքական ուժերի, այլ մայլաների, թաղերի, կլանների մեջ:
Էլինար Վարդանյանն անդրադարձավ նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազամովի երեկվա դիտարկումներին, եւ նշեց, թե շատ լավ կլիներ, որ պարոն Շարմազանովը նայեր նաեւ հասարակության աչքերին: