տուն Լուրեր Ընտրակեղծիքներին մասնակցող ուսուցիչները քչացել են

Ընտրակեղծիքներին մասնակցող ուսուցիչները քչացել են

82
0

Anahit_Baxshyan

Ամեն տարի հոկտեմբերի 5-ին Հայաստանում, ինչպես նաև աշխարհի ավելի քան 100 երկրներում նշվում է ուսուցչի օրը: Մեր երկրում ուսուցչի դերի, նշանակության, կրթության ոլորտում առկա խնդիրների ու բացթողումների մասին araratnews.am-ը զրուցեց մասնագիտությամբ ուսուցչուհի, Երևանի  ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ:

Նրա կարծիքով՝ կարևորել ուսուցչի դերը, նշանակում է ապահովել նրան արժանապատիվ կյանքով, որպեսզի այդ ապահովվածության զգացումը նրան պարտավորեցնի իր առաքելությունը լիարժեք իրականացնելու: Նրա խոսքով` մեր երկրում շնորհավորանքի տարբեր խոսքերով, ձևական միջոցառումներով կարևորում են ուսուցչի դերը, բայց դրանք պետք է բովանդակություն ունենան: «Իհարկե, խոսքերն էլ են կարևոր, ծաղիկներն էլ, բայց կարևորել ուսուցչին` նշանակում է նրան տալ արժանապատիվ աշխատավարձ և պահանջել նրանից հասարակությանը մատակարարել արժանի քաղաքացիներ»,- կարծում է Ա.Բաշխյանը:

Անդրադառնալով ուսուցիչների մյուս խնդիրներին` Բախշյանը նշեց, որ երբեմն ուսուցիչները գործիք են դառնում ներկայիս գործող քաղաքական ուժի ձեռքին, չեն ընդդիմանում գործիք դառնալուն, իրենց առաքելությունը ստորադասում են, մոռանալով, որ իրենց առաքելությունը նրանց  ծառայելը չէ, այլ կրթությանը նվիրվելն է: Սակայն, նրա խոսքով` վերջին տարիներին նկատվում է, որ ընտրակեղծիքներին մասնակցող ուսոցիչներին, մասնավորապես,  տնօրեններին ուղղված հասարակական պարսավանքն իր դրական ազդեցությունն ունեցել է, և այսօր նման ուսուցիչներն ու տնօրենները քչացել են:

Ինչ վերաբերում է կրթության ոլորտում գործող համակարգին, ծրագրերի բովանդակությանը, Անահիտ Բախշյանն ընդգծեց. այս ոլորտում լուրջ խնդիրներ կան, և կրթության և գիտության նախարարությունը պետք է փոխի իր կառավարման քաղաքականությունը, պետք է խնդիրները ճանաչի ու զգա: «Իսկ այն փոփոխությունները, նոր առարկաները, որ կան դպրոցներում՝ շախմատը, երգն ու պարը, ես դրանց կողմ եմ, որովհետև այդ առարկաները մեր երեխաների մեջ որակներ են փոխում»,- ասաց  նա:

Բաշխյանի  կարծիքով` լուրջ խնդիրներ կան ոչ միայն դասավանդման ծրագրերում, այլև մարզերում դպրոցների շենքերի հետ կապված, որտեղ աշակերտներն ու ուսուցիչներն դասերն անցկացնում  են անտանելի պայմաններում են: Նա հավելեց, որ երբ օգոստոսին կայացած խորհրդակցություններից մեկի ժամանակ մարզի դպրոցներից մեկի տնօրեն բարձրաձայնել է իրենց դպրոցի ոչ բարվոք վիճակի  մասին,  ԿԳ նախարար Մկրտչյանը պատասխանել էր. «էս ինչի՞ հետևից եք ընկել, դուք դաս տվեք, ամեն ինչ արեք, երեխեքը սովորեն, մնացածն այդքան կարևոր չէ»:

Կրթության ոլորտի  մասնագետը հերթական անգամ կարևորեց,  որ երեխաները պետք է ապահով տեղում նստած լինեն, սիրով շրջապատված, ցուրտ կամ շոգ չլինի, քաղցած չլինեն, և միայն այդ բոլոր պայմաններն ապահովելուց հետո երեխան պատրաստ կլինի սովորելու: «Սա պետք է հասկանան բոլոր պաշտոնյաները՝ նախագահից ու վարչապետից սկսած, և քանի դեռ  ունենք խարխուլ, քանդված դպրոցներ, անհնար է կրթության որակ ապահովել, ինչպիսի մանկավարժներ էլ այնտեղ աշխատեն»:

Մեր զրուցակիցը,  համեմատություններ անցկացնելով  նախորդ և ներկայիս սերնդի երեխաների միջև, նախևառաջ նշեց նրանց  համարձակությունը. «Այսօրվա երեխաներն իրենց կարծիքն ունեն և պահանջում են հարգել իրենց տեսակետները: Եվ դա շատ լավ է: Հիշում եմ, որ երբ մենք էինք ինչ-որ բանի դեմ ընդվզում, ինչ ավարտ էր դա ունենում: Ես, օրինակ՝ դպրոցի  կոմերիտմիության քարտուղարն էի. մի անգամ ինչ-որ հարցում հակադրվեցի, և ինձ իսկույն «պաշտոնանկ արեցին»:

Վերջում Անահիտ Բախշյանը, շնորհավորելով ուսուցիչներին, մաղթեց նրանց առողջություն և հորդորեց չմոռանալ, որ ուսուցիչները երեխաների համար օրինակ են: