ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցրերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը: Հիմնական զեկուցողն է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը: Վերջինս ասաց, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պահանջը բխում է նոր Սահմանադրությունից:
Ըստ Հարությունյանի` Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա: «Ելնելով երկրում ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը բարձրացնելու անհրաժեշտությունից՝ մենք Ընտրական օրենսգրքի նախագծում ներառել ենք մեխանիզմներ, որոնք թույլ կտան մեզ էապես բարձրացնել վստահությունը, հայտնաբերել բոլոր խախտումները, որոնք կարող են տեղի ունենալ ընտրությունների ժամանակ»,-նշեց Հարությունյանը: Նրա խոսքով` Ընտրական օրենսգրքի նախագծում տեղ գտած կարևոր փոփոխություններից է սահմանադրական այն դրույթը, որ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են 100- տոկոսանոց համամասնական եղանակով: «Երբ մենք խոսում ենք համամասնական ընտրակարգի մասին, միշտ նշում ենք, որ համամասնական ընտրական համակարգը ունի մի լուրջ խնդիր: Եթե այն ներկայացվի պարզունակ եղանակով, ապա այդ ընտրակարգի հիմնական թերությունն այն է, որ քաղաքականությունը կենտրոնանում է մայրաքաղաքներում: Դրանով պայմանավորված՝ մենք առաջարկել ենք մեկ այլ մոդել, որը լայն տարածում ունի 20-ից ավելի եվրոպական երկրներում: Խոսքը բաց քվեակարգով համամասնական մոդելի և տարածքային սկզբունքով մոդելի մասին է: Հայաստանի Հանրապետությունը բաժանվում է որոշակի տարածքների, որոնք ունեն ընդհանրություններ: Տվյալ դեպքում մենք առաջարկում ենք մարզային սկզբունքը: Գաղափարը հետևյալն է, որ յուրաքանչյուր տարածքում ևս իրականացվում է համամասնական ընտրություն՝ տեղի ցուցակներով: Այստեղ կա երկու ընտրություն: Մենք լուծում ենք կարևորագույն հարց՝ տարածքներում ևս կուսակցության առանձին ցուցակներ են լինում, և ընտրողը պետք է իր ձայնը տա այս կամ այն կուսակցությանը: Փաստորեն, մենք ստանալու ենք պատկեր, թե որ կուսակցությունը ինչպիսի հեղինակություն է վայելում այս կամ այն տարածքում»,- մանրամասնեց Հարությունյանը:
Ըստ Հարությունյանի՝ այս դեպքում ևս մի թերի պահ կա, որը շատ հաճախ համարվում է սահմանափակվող ժողովրդավարություն, երբ թեկնածուների ցանկը ձևավորում է հենց կուսակցությունը: «Շատ երկրներում այս թերությունը փորձում են շրջանցել տարբեր եղանակներով: Մի դեպքում դա ռեյտինգային քվեարկությունն է, երբ ընտրողն ասում է, եթե ոչ այս անձը, ապա այս անձը թող լինի: Այսինքն, ընտրողն իրավունք ունի ընտրել թեկնածուների այն հերթականությունը, որը ցանկանում է: Սրա տարբեր տեսակները կան, երբ ընտրողը իրավունք ունի ձայն տալ մի քանի թեկնածուների, որոշ երկրներում դա անսահմանափակ է՝ նա կարող է ձայն տալ ողջ ցուցակին կամ ցուցակից մի քանի թեկնածուի: Կա նաև երրորդ մոդելը, երբ ընտրողը իրավունք ունի սահմանափակված մեկ իրավունք՝ նա իր ձայնը տալիս է թեկնածուներից ընդամենը մեկին: Սրա տարատեսակները տարբեր անուններ ունեն: Մի դեպքում դա կոչվում է ռեյտինգային, մյուս դեպքում՝ բաց ցուցակների համակարգ: Բաց ցուցակների համակարգում, ինչպես արդեն ասել եմ, կա երեք խոշոր ենթախումբ: Մենք ընտրել ենք այն տարբերակը, որ ընտրողը կարող է իր ձայնը տալ ցուցակում առկա մեկ թեկնածուի»,- բացատրեց Հարությունյանը: Նա ներկայացրեց նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման կարգը, որը ևս ամրագրված է բարեփոխված Սահմանադրության մեջ: Նա նշեց, որ ԿԸՀ-ն ձևավորում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ով: «Ավելին, հանձնաժողովի անդամը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի մեջ»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն անդրադարձավ նաև խորհրդարանում հանուն մեծամասնություն ապահովելու սահմանադրական դրույթին, որը ևս տեղ է գտել Ընտրական օրենսգրքի նախագծում: Հարությունյանը նշեց, որ որպես կայուն մեծամասնության թիվ ընտրվել է 54 տոկոսը, որը կիրառվում է նաև Իտալիայում: «Մեր կարծիքով 54 տոկոսն է ապահովում կայուն մեծամասնությունը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա նաեւ նշեց, որ փոփոխությամբ թեկնածուները ընտրատեղամասերում կարող են ունենալ ոչ թե մեկ, այլ երկու վստահված անձ: Ինչ վերաբերում է լրագրողների եւ դիտորդների թվի սահմանափակմանը, ապա այն եւս վերանայվել է: Հարությունյանն ասաց, որ ընդունվել է բոլորովին այլ տարբերակ, իսկ թե կոնկրետ ինչ՝ չմանրամասնեց: