«Ըստ էության՝Հայաստանում ամբողջ թափով ընթանում է իշխանությունների «մաստեր-պլան»-ի կյանքի կոչումը, որն իրենից ենթադրում է առանց ընդդիմության քաղաքական դաշտ, Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր խոսքում նշեց Ժառանգություն կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և հավելեց. «Հայաստանն ամբողջությամբ ֆեոդալական կարգավիճակից անցնում է ցեղախմբային կարգավիճակի, որովհետև այն գործընթացները, որ այս պահին կատարվում են, հնարավոր է արտաքին գործընթացների պատճառով նաև Հայաստանում սրվի իրավիճակը: Համենայնդեպս, այն ինչ անում են իշխանությունները, այս ուղղությամբ է գնում»:
Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաև «4+4+4»-ին, Ժառանգության կողմից հաջողություններ մաղթեց իր գործընկերներին, չնայած որ խիստ մտավախություն ունի, որ ձևավաչափն իրեն կարդարացնի. «Ես ասեմ նաև, թե ինչու Ժառանգությունը չի մասնակցում «4+4+4»-ին: Պատճառներից մեկն այն է, որ ընտրական օրենսգիրքը ներկայացնում է մի իշխանություն, որը լեգիտիմ չէ, որը ոչ միայն նախագահական և խորհրդարանական ընտրություններն է կեղծել, այլ նաև՝ սահմանադրական հանրաքվեն, որը միտված էր Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարացնելուն, ադրբեջանական սցենարը կյանքի կոչելու, որովհետև Ադրբեջանում Ալիևների դինաստիան, ունենալով այդ ռեսուրսները, գնաց ցմահ կառավարման: Այս նախագահությունն առավել բացասական եղավ, որովհետև նախորդները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը երկու անգամից դուրս եկան կառավարման համակարգից, այս պարագայում՝ Սերժ Սարգսյանը ցանկանում է ընդմիշտ մնալ կառավարման համակարգում»:
Ինչ վերաբերում է ձևաչափի արդյունավետությանը՝ Մարտիրոսյանը նշեց. «Ես կարծում եմ, որ այս բանակցությունների քննարկումների միջոցով իշխանություններն ինչ-որ քայլեր կձեռնարկեն, բայց չեմ կարծում, որ այն գլխավոր առաջարկները, որոնք կան, հատկապես՝ ցուցակների հրապարակման հետ կապված, կյանքի կկոչեն»: