Ընթացիկ տարում Հայաստանում երեխաների շրջանում սուր թունավորումների 415 դեպք է արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, նշելով, որ վերջին տարիեներին երեխաների շրջանում կենցաղային սուր թունավորումների աճի միտում է նկատվում։
Այսպես, Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկական թունաբանության եւ վերակենդանացման կենտրոնում 2014թ.գրանցվել է թունավորման 588 դեպք` նախորդ տարվա 470-ի փոխարեն։
2014թ. տվյալներով ընդհանուր թունավորումներից դեղորայքային թունավորում է եղել 220-ը (36%), այրող-քայքայող նյութերից՝ 109-ը (36%), կալիումի պերմանագնատից 26-ը (5%), ալկոհոլից 34-ը (6%), շմոլ գազից` 34-ը (6%), թունաքիմիկատներից` 22-ը (4%)։
«Եթե ընտանիքի անդամների տեսադաշտից երեխաները դուրս չմնան, ապա մենք կարող ենք խուսափել նման տխուր դեպքերից»,- լրագրողների հետ հենց կլինիկայում կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը` հավելելով, որ մանկական մահացության կառուցվածքում դրանք հինգ պատճառներից մեկն են։ Մինչեւ 1 տարեկան երեխաների մահացության պատճառներից դժբախտ պատահարները 0.8 տոկոս են կազմում։ Սակայն 1-5 տարեկան երեխաների շրջանում այդ նույն ցուցանիշը մեծանում է մինչեւ 20 անգամ։
Փոքրիկները հիմնականում թունավորվում են ծնողների, մեծահասակների անուշադրության, անփութության հետեւանքով: Իսկ թունավորումների պատճառ են դառնում կենցաղում օգտագործվող քիմիական նյութերը, ինչպես նաեւ զանազան դեղամիջոցները։ Առավել վտանգավոր է, երբ քիմիական նյութը պահվում է կերակրի կամ ըմպելիքի համար նախատեսված տարաներում, շշերում:
Երեխաների շրջանում թունավորումները հիմնականում զարգանում են շատ արագ, ունենում ծանր ընթացք եւ պահանջում ոչ միայն անհապաղ բժշկական օգնություն, այլեւ երկարատեւ բուժում: