Այսօր ՀՀ Կառավարության նիստին որոշվեց դեկտեմբերի 15-ին, ժամը 12-ից հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ նիստում քննարկվելու են ԵՏՄ անդամակցության հետ կապված մի շարք օրենքներ, ինչպես նաև այլ օրենքներ:
Արտահերթ նստաշրջանի օրակարգում կառավարության նախագծով նախատեսված էր ընդգրկել նաև ԱԺ գազի հանձնաժողովի ժամկետի երկարացման հարցը, բայց սա մտահոգության տեղիք տվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
«Ինչո՞ւ պետք է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանում ԱԺ գազի հանձնաժողովի հարցն ընդգրկվի: Իրենց հանձնաժողովն է, թող իրենք էլ որոշեն ու արտահերթ նիստ հրավիրեն: Ո՞նց կմեկնաբանեք, պարոն Թովմասյան»,- ասաց Հովիկ Աբրահամյանըˋ հարցն ուղղելով ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին:
Վերջինս պատասխանեց, որ գազի հանձնաժողովի ժամկետի երկարացման հարց կա, ժամկետն ավարտվում է:
«Ընդդիմությունը սկսելու է մեզ քննադատել, ասելու է ինչո՞ւ է կառավարությունը բերել, եթե իրենց հանձնաժողովն է»,- ասաց վարչապետը և պնդեց, որ հարցը հանեն արտահերթ նստաշրջանի օրակարգից: