ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ևս ԱԺ քառօրյայում խոսեց Հանրային հեռուստառադիոընկերության հաշվետվության մասին:
«Կարևոր է արձանագրել, որ ժամանակակից աշխարհում հեռուստատեսությունը ևս մեծ զարգացում է ապրում: Գաղտնիք չէ՝ այստեղ մենք քննարկում ենք Հանրային հեռուստառադիոընկերության հարցերը, քանի որ դա բյուջետային ֆինանսավորում ունի: Այլ առիթ չի ընձեռնվում պատգամավորներին: Քաղաքական հեռուստաընկերությունների ի հայտ գալուց հետո բողոքը Հանրային հեռուստաալիքից շատանալու է, ակնկալիքն աճելու է: Որքան հմուտ, բանիմաց ու խելոք լինենք պատգամավորներս, հարցը կշահի: Խորհրդարանում տեղի ունեցող ամենակարևոր երևույթն՝ ըստ ցանկացած պատգամավորի, իր ելույթն է, և եթերում չտեսնելով, նա համարում է, որ եթերը չստացված է: Սակայն 2009թ-ից սկսած որևէ մոնիթորինգ չի հանգել եզրակացության, որ Հանրային հեռուստաընկերությունը կողմնակալ վերաբերմունք ցույց տված լինի: Նույն ֆռակցիայից լինում է 10 հայտարարություն, մեկը դնում են, մյուսներն են դժգոհում: Սա չի կարելի որակել այնպես, որ իշխանությունները վախենում են այս կամ այն պատգամավորից ու եթեր չեն տալիս: Այդպիսի ժամանակներն անցել են: Սա շատ աբսուրդ է: Մեզ մոտ որպեսզի մարդիկ ամրագրեն իրենց ընդդիմադիր լինելը, օգտագործում են գործիքներից մեկը՝ «Հանրայինը ինձ եթեր չի տալիս»»,- եզրափակեց Ֆարմանյանը: