տուն Լուրեր Ընդդիմադիր գործունեության ավանդական պատկերացումները պետք է վերանայվեն. Փաշինյան

Ընդդիմադիր գործունեության ավանդական պատկերացումները պետք է վերանայվեն. Փաշինյան

99
0

Nikol

Երեկ կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները պետք է վերլուծվեն ու դրանցից հետևություններ արվեն: Այս մասին այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում  ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր  Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` դեռևս վաղ է գնահատական տալ ընտրություններին, պետք է արդյունքները վերլուծվեն:

«Ինձ ընդհանրապես զարմացրեց, որ ՀՀԿ-ն այս ընտրություններում Գյումրիում, Վանաձորում և Կապանում կարող էր հաղթել: Պետք է հետևություններ արվեն: Սա նշանակում է, որ ընդդիմադիր գործունեության ավանդական պատկերացումները պետք է վերանայվեն»,- նշեց Փաշինյանը:

Պատգամավորի խոսքով՝  ընտրությունների արդյունքները ճնշող մեծամասնությամբ ձևավորվել են հետևյալ կերպ՝ ընտրողը եկել է, քվեարկել է, քվեաթերթիկը գցել է քվեատուփի մեջ: Համենայ նդեպս, այդ պահի դրությամբ լցոնումների և այլնի մասին պաշտոնական տեղեկություններ չկան:

«Ինձ ով ասում է ընտրակաշառքի մասին, ասում եմ՝ խնդրում եմ բերեք մի հոգի, որը կկանգնի տեսախցիկների առաջ ու կասի: Որովհետև եթե ես պետք է կանգնեմ տեսախցիկների առաջ ու անեմ հայտարարություն, չունենալով գոնե մեկ հոգու հավաստիացում, էդ ժանրի խոսակցությունն ինձ համար ընդունելի չէ»,- նշեց Փաշինյանը:

Նա ասաց, որ իր ամենակարևոր հետևությունն այս ընտրություններից այն է, որ ՀՀ-ում անշահախնդիր քաղաքականությամբ հետաքրքրված մարդկանց տոկոսը չափազանց քիչ է: Այսինքն՝ եթե մարդը քաղաքականությամբ հետաքրքրված է, ուրեմն ինքը շատ կոնկրետ խնդիր ունի լուծելու, ակնկալում է, որ իր աշխատանքի, ուսման վարձի, իր բիզնեսին տանիք լինելու հարցը կլուծվի: Այս տարիների ընթացքում սա, ըստ Փաշինյանի, դարձել է հստակ քաղաքական իրողություն:

Հարցին, թե երեկ անցկացված ընտրություններից հետո շարունակո՞ւմ է պնդել, որ Հայաստանում հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանափոխություն կատարել, Փաշինյանը պատասխանեց. «Ես շարունակում եմ պնդել, որ առանց ժողովրդի կամարտահայտման իշխանափոխություն հնարավոր չէ անել, որովհետև ժողովուրդն այն գործոնն է, որը որոշումներ է կայացնում: Համենայն դեպս, ինձ համար ես անհնար եմ համարում իշխանափոխություն առանց ժողովրդի կամարտահայտման: Իշխանափոխությունը արվում է հանուն ժողովրդի, ոչ թե ի հեճուկս»:

Այսօր բոլոր արատավոր երևույթների թիվ մեկ պատասխանատուն, ըստ նրա, իշխանությունն է, բայց այս արձանագրումը բավարար չէ փոփոխությունների հասնելու համար:

«Դրա համար մենք պետք է անդրադառնանք նաև մեր գործունեությանը, ընդդիմադիր գործունեությանը, և ես վերջին երեք տարիներին զբաղված եմ դրանով: Մինչև մենք ինքնաքննադատաբար չմոտենանք ինքներս մեզ, չհասկանանք մեր ասելիքի ու հանրության արձագանքի ներքին կապերը, տրամաբանությունը, մինչև մարդկանց՝ որոշումներ կայացնելու պրոցեսը չպատկերացնենք, որևէ բանի չենք հասնի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հավելեց՝ մի բան ակնհայտ է. այս ընտրություններում հաջողություն ունեցան այն քաղաքական ուժերը, ովքեր կարողացան ընտրողի հետ պայմանավորվել ուղղակի անձնապես, ոչ թե քարոզչության միջոցով:

«Ասենք՝ ասել են՝ այսինչ-այսինչյան, դուք ձեր ընտանիքով կգաք քվեարկելու մեր օգտին, կարողացավ տեղափոխել մինչև ընտրատեղամաս, հաղթեցին: Հիմա, Հանրապետական կուսակցությունն ունի փող, ունի տրանսպորտ և վարչական ռեսուրսներ: Այն շփումները, որ ես ունեցել եմ Գյումրիում ու Վանաձորում, ինձ ստիպում են մտածել, որ մարդիկ ծայրահեղորեն ու կենսականորեն փոփոխությունների անհրաժեշտություն ունեն, բայց այն արդյունքները, որոնք արձանագրվել են ընտրական տեղամասերում, ինձ մոտ հարց են առաջացնում. արդյոք մարդիկ ուզո՞ւմ են ընդհանրապես փոփոխություններ: Կամ էլ` մեր մեջ է պրոբլեմը»,- ասաց նա: