100-րդ տարելիցին եղավ այն «ցունամին», որից Թուրքիան վախենում էր: Այդ ամենին նպաստեց հատկապես Հռոմի պապի մատուցած պատարագը, և դրանից բխող հետևանքները, որը դեռ շարունակվելու են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյան:
«Թուրքիան տապալեց նաև իր իսկ նախաձեռնությունը` Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյա տարելիցը նշելը, որն ուներ հատուկ նպատակˋ ստվերել Հայոց ցեղասպանության միջոցառումները. դա այդպես չեղավ ու չի լինի»,- ասաց պարոն Մանոյանն ու ավելացրեց, որ Թուրքիան իր այդ նախաձեռնությամբ ստեղծեց հավելյալ հետաքրքրություն Հայոց ցեղասպանության միջոցառումների ուղությամբ: Կիրո Մանոյանի կարծիքով՝ Թուրքիայում ստեղծված խուճապը կշարունակվի նաև առաջիկայում: «Փաստը, որ ապրիլին 24-ին Հայաստանում են լինելու պատմաբաններ, Ցեղասպանության հարցի ուսումնասիրության մասնագետներ, տարբեր երկրների պատվիրակությունններ, ինչպես նաև պետությունների նախագահներ, շարունակելու են այն «ցունամին», որն արդեն կա Թուրքիայում»:
Հարցին, թե ինչ զարգացումներ են սպասվում ապրիլի 24-ից հետո և որոնք են լինելու հայկական կողմի անելիքները, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարն ասաց. «Ապրիլի 25-ին շարունակելու ենք այն, ինչ անում էինք մինչ ապրիլի 24-ը, ասաց պարոն Մանոյանն ու շարունակեց. «Մեր ջանքները պետք է կենտրոնացնենք այն կետերի վրա, որոնք ներառված են Համահայկական հռչակագրում. հատուցման հետ կապված աշխատանքները պետք է շարունակական բնույթ կրեն»:
Անդադառնալով հարցին, թե հնարավո՞ր է Թուրքիան խզի հարաբերությունները Վատիկանի հետ՝ Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ Թուրքիան ամեն անգամ, երբ Ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ է ընդունվում, արձագանքում է այնպես, ինչպես եղավ Հռոմի պապի մատուցած պատարագից հետո: «Թուրքիան, չեմ կարծում, կխզի հարաբերությունները որևէ պետության հետ, առաջին երկու-երեք ամսվա կոշտ հակազդեցությունից հետո ամեն ինչ կփոխվի»,- ասաց Կիրո Մանոյանն ու հիշեցրեց Ֆրանսիայի օրինակը, երբ վերջինս ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը:
Մեր հարցին, թե Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևի բովանդակային մասն ինչքանո՞վ է բխում հայկական կողմի շահերից, Կիրո Մանոյանը նշեց, որ «կան որոշ կետեր, որոնք եթե չլինեինˋ ավելի լավ կլիներ»: «Էրդողանի և Դավթօղլուի անցած տարվա նամակները դրական գնահատելը, որոնք այդքան էլ դրական չէին, կամ շեշտել Հայատան-Թուրքիա 2009 թ. արձանագրությունների կարևորությունը, կարծում եմˋ մի քիչ ուշացած է. տարիներ են անցել և այսօր ամեն ինչ ավելի վատ է։ Այդ արձանագրություններին հետ կապվածˋ և´ Հայաստանից, և´ Թուրքիայից համաչափ ակնկալիքներ կանˋ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, շրջափակումը հանել, կարծես թե Հայաստանն ինքն է իր վրա շրջափակում հասատատել»,- ասաց Կիրո Մանոյանըˋ վերը նշվածները համարելով ԵԽ-ի ընդունած բանաձևի ոչ այդքան ցանկալի կետեր: Իսկ, ընդհանուր առմամբ, բանաձևը շատ ավելի լավն է, քան 1987թ-ին ԵԽ-ի ընդունած բանաձևը. «Սա հայկական բանաձև չէ, բայց ԵԽ-ն, ուր բավական բան է փոխվել այն թվականներից և փոխվել է ոչ անպայման ի նպաստ հայության: Դրականներից է հատկապես այն, որ կոչ է արվում Թուրքիային՝ առերեսվել սեփական պատմության հետ, ճանաչել Ցեղասպանության փաստն, ու այդ կերպ սկիզբ դնել հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման գործընթացին»,-եզրափակեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյանկի ղեկավար Կիրո Մանոյանը: