ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը` օրենսդիր մարմնի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Ողջունելով ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան` նախարար Նալբանդյանը նշել է, որ Գերմանիայի օրենսդիր մարմնի պատգամավորների հաճախակի այցելությունները Հայաստան վկայում են խորհրդարանական դիվանագիտության ակտիվության և դրա կարևորության մասին։
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել ինչպես երկու երկրների գործադիր իշխանությունների, այնպես էլ` օրենսդիր մարմինների միջև։ Օգտվելով առիթից` նախարար Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ Բունդեսթագի բանաձևի ընդունման և այդ հարցում գերմանացի օրենսդիրների ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման համար։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ արձանագրել է նաև, որ Գերմանիան Հայաստանի երրորդ առևտրատնտեսական գործընկերն է և առաջինը՝ Եվրոպական միության անդամների շարքում։
Շնորհակալություն հայտնելով իր գլխավորած պատվիրակությանն ընդունելու համար` Յոհաննես Զինգհամմերը ներկայացրել է գերմանացի խորհրդարանականների այցելության նպատակները և ունեցած հանդիպումների արդյունքները։
Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստան — Եվրոպական միություն հարաբերությունները, դրանց նոր իրավական հիմքի շուրջ ընթացող բանակցությունները։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին, այդ տարածաշրջանում փոքրամասնությունների խնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին, միգրացիոն հոսքերին, մի շարք այլ տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին։
Էդվարդ Նալբանդյանը Բունդեսթագի պատվիրակությանը ներկայացրել է ս.թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքների վերացմանը և ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։