43-ամյա տիկին Արմենուհին փոքր-ինչ դժվարությամբ, սակայն համաձայնում է աշխատանքներն ընդհատել եւ խոսել մեզ հետ այն դժվարություններից, որոնք ստիպված է լինում հաղթահարել ամուսնու բացակայության ընթացքում:
«Եթե դուք չգայիք, ես հո շունչ քաշողը չէի: Հոգնածությանը եթե նայես ու օրվա ընթացքում գործդ թողնես, նստես, հանգստանաս՝ ոչ մի բան չես հասցնի ժամանակին ավարտել: Հիմա էս հողամասը պետք ա փորեմ` քանի անձրևներ չեն սկսվել, կարտոֆիլ պետք ա ցանեմ ստեղ, հիմա հողը կիսախոնավ ա ու հեշտ ա փորվում, ցեխ չի լինում»,- ձեռքի բահը ծառին հենելով՝ ասում է տիկին Արմենուհին եւ առաջարկում զրույցը շարունակել տանը:
Արմենուհի Գրիգորյանը երեք երեխաների (երկու դուստր եւ մեկ որդի) եւ ամուսնու հետ բնակվում է Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում, որտեղ գյուղացիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն են, բայց ինչպես նշում է զրուցակիցս, միայն անասուն պահելով եւ հող մշակելով հնարավոր չէ գոյատևել, ուստի աշխատանքի փնտրտուքներով տղամարդիկ լքում են հայրենի գյուղն ու հայտնվում օտար ափերում:
«Անգամ շինարարության ոլորտում աշխատելու համար ամեն մարդ իր ծանոթին ա տանում, պատահական մարդկանց չեն վերցնում: Գյուղում միակ զբաղմունքն անասնապահությունն ա, բայց գյուղմթերքներն էլ էնքան էժան են, որ ոչ մի բան էլ չես կարողանում անել: Էդ ա, ուրիշ գործ ստեղ չկա. կա´մ պետք ա հող մշակես, կա´մ անասուն պահես, որ գոնե ինչ-որ կերպ հոգաս տանդ կարիքները: Ուղղակի դժվար ա, երբ էդ ամեն ինչը ստիպված ես միայնակ անել, որովհետև տան տղամարդիկ ուզած-չուզած դրսում են աշխատանք փնտրում»,- առանց հարցերս լսելու անկեղծանում է Կաքավաձորի բնակչուհին:
Տիկին Արմենուհու ամուսինն արդեն 7 տարի է` մեկնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, վերադառնում ձմռանը՝ ընդամենը մեկ-երկու ամսով: Վերջին երկու տարիներին հորը միացել է նաեւ զինվորական ծառայությունից վերադարձած որդին, որը եւս տիկին Արմենուհու խոսքով` Հայաստանում չի կարողացել աշխատանք գտնել: Զրուցակիցս պատմում է, որ նրանց բացակայության ընթացքում տան ողջ հոգսն ընկած է իր ուսերին:
«Տուն, անասուն, խոտքաղ, աթարները չորացնել, հավաքել, ծառերն ու հողամասը ջրել, անասուններին դաշտ տանել-բերել, 10 փեթակ մեղու ունենք, դրանց հետևել… Պետք ա իրանց օգնեմ, տղամարդու գործ եմ անում, էլի, բայց եթե չանեմ՝ չենք կարա յոլա գնալ: Էնտեղ էլ (Ռուսաստանում) գործերն էդքան լավ չեն, էրկու օր հետո կլրանա ուղիղ մի տարին, որ չի եկել (ամուսինը), էս անգամ ձմռան էդ էրկու ամիսն էլ չեկավ, մնաց, որ աշխատի: Երբ ինքն ստեղ էր, գործը կիսվում էր. շատ էր ինձ օգնում: Հիմա ամբողջն իմ ուսերին ա, օրինակ` խոտքաղի սեզոնին ինքը (ամուսինը) քաղում էր (խոտը), ես հավաքում էի, հիմա մենակ եմ անում: Մենակ 800 տուկ խոտ եմ իջացրել դեզից էս մի տարվա ընթացքում, տղայիս ու ամուսնուս էլ ասում եմ՝ էդ 800 տուկ խոտը սաղ էս տարի ես տեղափոխեցի գոմ»,- պատմում է Արմենուհի Գրիգորյանը:
Երբ հարցնում եմ հանգստի մասին, ծիծաղում է, ցույց տալիս ոտքերի ռեզինե սապոգները, ապա շարունակում. «Սրանք ամբողջ օրվա ընթացքում չեմ հասցնում ոտքերիցս հանել, էլ ի՞նչ հանգստանալ, չէ´, հանգստանալ չի ստացվում, առավոտը ժամը 5-ից զարթնում եմ ու մինչև իրիկվա 9-ը ոտի վրա եմ, էն մի քանի ժամն էլ, որ պետք ա քնեմ, թևերիս ու ոտքերիս ցավից չեմ կարողանում քնել, եթե մի պահ էլ ստացվում ա, մեկ էլ տեսնում եմ` լույսը բացվեց,- հավելում է զրուցակիցս, ապա հայացքն ինձնից փախցնելով եւ անորոշ կետի հառելով շարունակում,- հաճախ եմ մտածում, թե ինչի՞ ա էսպես, ինչի՞ գործ չլիներ, ինքը (ամուսին) մնար էստեղ, աշխատեր, մեր կողքին լիներ»:
Զրուցակցիս ներկայացրած տվյալներով` Կաքավաձորից արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանց թիվը մեծ է, եւ բոլոր այդ ընտանիքներում կանանց կարգավիճակը նույնն է:
Հոգեբան Կարինե Նալչաջյանի խոսքով` նմանօրինակ ընտանիքներում կանայք ինչքան էլ փորձում են ուժեղ երևալ, միևնույն է, այդ ամենը թողնում է բացասական հետևանքներ, ունենում ներհոգեկան ծանր ազդեցություն:
«Մի դեպքում հուզական կողմն է, միմյանցից հեռու լինելը եւ այլն, որոնք շատ ծանր ապրումներ են նորմալ ընտանիքների, ամուսինների համար, մյուս դեպքում` երբ կինը մնում է միայնակ, հոգսերը կրկնապատկվում են: Այն, ինչ վերապահված է տղամարդուն իր դերի բերումով, կինը ստիպված իր վրա է վերցնում: Սա շատ խոր հոգեբանական ազդեցություն է թողնում: Մենք մեզ լավ ենք զգում այն ժամանակ, երբ մեր դերակատարումները հոգեբանորեն ճիշտ ենք կատարում: Կինը կարող է ուժ գտնել իր մեջ եւ ամեն ինչ այնպես կազմակերպել, որ ընտանիքում տղամարդու բացակայությունը չզգացվի, բայց, ցավոք, ինքը հանգամանքների բերումով մտնում է տղամարդու դերի մեջ: Այստեղ ի հայտ է գալիս հոգեբանական ազդեցություն թողնող մի երևույթ, որը կոչվում է դերային կոնֆլիկտ, այսինքն` ես կատարում եմ այն դերը, որն ինձ վերապահված չէ: Դա լուրջ ներքին տառապանքների տեղիք է տալիս»,- ասում է հոգեբանը:
Նրա պնդմամբ` թեև կանայք փորձում են իրենց մեջ ուժ գտնել եւ հաղթահարել ամուսնու բացակայության պատճառով իրենց բաժին հասած դժվարությունները, միևնույն է, իրենց կյանքի մասին մտորելիս չեն կարող գոհ լինել:
«Կանայք կարող են կազմակերպված այդ բոլորը աշխատանքներն անել, «գոհ» լինել, ցույց տալ, որ իրենք այդ ամենը հասցնում են եւ լրացնում իրենց ամուսինների բացակայությունը, սակայն ներքուստ դա հարված է նրանց կանացիությանը. հետ են գնում իրենց կանացիության մեջ»,- շեշտում է Կարինե Նալչաջյանը:
Կաքավաձորի բնակիչների շրջանում մեր հարցումները ցույց տվեցին, որ արտագնա աշխատանքի մեկնողները չեմ դիմում զբաղվածության տարածքային կենտրոններ, որովհետև հույս չունեն, որ այդ տարբերակով հնարավոր է աշխատանք գտնել: Ոմանք էլ առհասարակ տեղյակ չեն այդ կենտրոնների գոյության մասին:
ՀՀ զբաղվածության պետական գործակալության Աշտարակի տարածքային կենտրոնի տնօրեն Հայրապետ Սեթոյանից տեղեկացանք, որ Աշտարակի ԶՏԿ-ում 2016-ի մայիս ամսվա դրությամբ հաշվառված են 2610 աշխատանք փնտրող քաղաքացիներ, որոնցից 1742-ը կանայք են: Հաշվառված քաղաքացիներից 346-ն ունեն բարձրագույն կրթություն, որոնցից 266-ը կանայք են:
Հրապարակախոս, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով` գյուղերից մարդիկ զբաղվածության տարածքային կենտրոններ չեն դիմում նաեւ տեղեկատվություն չունենալու պատճառով: Ուշագրավ է այն, որ, ըստ Աշտարակի ԶՏԿ-ի տվյալների, 2015-2016 թվականներին շինարարության ոլորտում կենտրոնի միջոցով աշխատանքի է տեղավորվել ընդամենը 14 քաղաքացի:
«Այն, որ Ռուսաստանում հնարավոր է աշխատանք գտնել, լրատվամիջոցներում կարելի է տեսնել. կան ռեպորտաժներ արտագնա աշխատանքի մեկնողների մասին, կա նաեւ հորիզոնական տեղեկատվություն, երբ գյուղացիներից մեկը Ռուսաստանում աշխատանք է գտնում, գալիս, իր գյուղացիներին հավաքում-տանում է: Նույնը չի կարելի ասել Հայաստանի ցանկացած տարածքում տեղեկատվության մատչելիության վերաբերյալ: Եթե մարդը չգիտի` ինչպես դիմել զբաղվածության կենտրոններ, ապա գրեթե անհնար է գտնել տեղեկատվություն` ո´ր մարզում, ո´ր գյուղում կամ ո´ր տարածքում կարող է լինել շինարարություն, որտեղ պահանջվում է բանվոր կամ մասնագետ»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանն ու հավելում` մարդկանց իրազեկելու նպատակով կարելի է, օրինակ` գյուղապետարանների պատերին հայտարարություններ փակցնել:
«Երբ համապետական ընտրություններ են լինում, անգամ ամենախուլ գյուղերում ինֆորմացիան հասցնում են, իսկ երբ պետք է այնպես անել, որ մարդիկ աշխատանք ունենան ու երկրից չգնան՝ քայլեր չենք տեսնում»,- եզրափակում է իրավապաշտպանը:
Շողիկ ԳԱԼՍՏՅԱՆ